Աղքատության համաշխարհային մակարդակն աճում է. համաշխարհային տնտեսությունն անկման շրջափուլ է թևակոխել. Բիլ Գեյթսն ամփոփել է իր հիմնադրամի ամենամյա զեկույցը


Աղքատության համաշխարհային մակարդակն աճում է. համաշխարհային տնտեսությունն անկման շրջափուլ է թևակոխել. Բիլ Գեյթսն ամփոփել է իր հիմնադրամի ամենամյա զեկույցը
Սեպտեմբեր 15 23:50 2020

Տասնամյակներ շարունակ մարդիկ ողջ աշխարհում ավելի հարուստ և ավելի առողջ էին դառնում, սակայն 2020 թվականի վարակիչ հիվանդության համաշխարհային բռնկումը մեծապես ազդել է ինչպես մարդկանց դրամապանակի, այնպես էլ հավաքական առողջության վրա:

Ինչպես փոխանցում է Business Insider-ը, նման վերլուծություն է ներկայացրել Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը՝ նշելով, որ կորոնավիրուսի համավարակն էլ ավելի է խորացնում հարուստների և աղքատների միջև առկա անդունդը:

«Այս տարին տարբեր է, եզակի: «Քովիդ-19»-ի համավարակը ոչ միայն կանգնեցրել է առաջընթացը, այլև այն հետ է մղել»,- ասել է գործարարը «Բիլ և Մելինդա Գեյթս հիմնադրամի» 2020-ի զեկույցի շրջանակներում, որը 2017 թվականից ի վեր ներկայացնում է ողջ աշխարհում ամենամյա զարգացման ընթացքն աղքատության, առողջության և բարեկեցության ոլորտներում: 

Նրա խոսքով՝ այս տարի տեղի ունեցած փոփոխություններն աննախադեպ են վերջին 20 տարվա պատմության մեջ:

Նշվում է, որ վերջին անգամ այսքան մեծ թվով երկրներ անկում են ապրել 1870 թվականին: Համաշխարհային բանկի գնահատմամբ՝ 1998 թվականից ի վեր առաջին անգամ աղքատության մակարդակը կտրուկ կբարձրանա ամբողջ աշխարհում, քանի որ համաշխարհային տնտեսությունն անկման և հետընթացի շրջափուլ է թևակոխել:

Աղքատության համաշխարհային մակարդակն աճում է վերջին 20 տարում առաջին անգամ: «Եվս 37 մլն մարդ ծայրահեղ աղքատության մեջ է գտնվում»,- նշել է Բիլ Գեյթսը: 

Բացի այդ, նրա խոսքով՝ 25 տարվա առաջխաղացումը պատվաստանյութերի հարցում ջնջվել է 25 շաբաթում: Համավարակի պատճառով շատ ավելի մեծ թվով երեխաներ չեն ստացել իրենց համար անհրաժեշտ պատվաստումները: