Վանաձորի Բանակի փողոցում հատված ծառերի խնդրով իրավապահները կզբաղվեն


Վանաձորի Բանակի փողոցում հատված ծառերի խնդրով իրավապահները կզբաղվեն
Սեպտեմբեր 15 22:48 2020

Լոռու մարզպետարանի կողմից հնչեցված ահազանգի հիման վրա այսօր մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պաշտոնյաների հետ միասին ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի մասնագետները եղել են Վանաձորի Բանակի փողոցում. այստեղ՝ «Գեվ Մարկետ» խանութի հարևանությամբ անխղճաբար «խորը էտի» է ենթարկվել 3 հացենի տեսակի ծառ: Այս մասին հայտնում են Լոռու մարզպետարանից: 

«Վանաձորի համայնքապետարանը ներկայացնող պաշտոնյան՝ կոմունալ տնտեսության, բարեկարգման և շրջակա միջավայրի պահպանության բաժնի առաջատար մասնագետ Էդվարդ Բաղրամյանը նույնպես հրավիրված էր պարզաբանումներ ներկայացնելու հարցի վերաբերյալ: Վերջինս վստահեցրեց, որ համայնքապետարանը տեղեկացված չի եղել և որևէ թույլտվություն չի տվել:

Լոռու մարզպետարանի մասնագետների ներկայացմամբ, մի բան հստակ է. այս եղանակին ծառերի էտ չի իրականացվում, ինչ վերաբերում է կոնկրետ այս դեպքին, ապա սա անգամ խորը էտ անվանել չի կարելի, որովհետև նույնիսկ անզեն աչքով տեսանելի է՝ ծառերի վերաճ կարող է և տեղի չունենալ. դա պարզ կլինի միայն մայիս ամսին: Տեսչական մարմնի մասնագետներն իրականացրեցին ծառերի չափագրում, համապատասխան ուսումնասիրություններ:

Նաև նշեցին, որ կկազմվի արձանագրություն, այնուհետ համապատասխան ընթացակարգերով կդիմեն համայնքապետարանին և իրավապահ մարմիններին՝ գործին հետագա ընթացք տալու նպատակով: Իսկ մինչ այդ Լոռու մարզպետարանը հետևողական է լինելու, որպեսզի նմանօրինակ արարքի հեղինակներն անպայման պատասխանատվություն»,- գրված է հայտարարությունում: