Հնդկաստանի պաշտպանության նախարարը Չինաստանին մեղադրել է սահմանային պայմանավորվածությունները խախտելու մեջ


Հնդկաստանի պաշտպանության նախարարը Չինաստանին մեղադրել է սահմանային պայմանավորվածությունները խախտելու մեջ
Սեպտեմբեր 15 22:24 2020

Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհը Չինաստանին մեղադրել է սահմանային պայմանավորվածությունների խախտման եւ Լադաքհի վիճահարույց լեռնային սահմանի երկայնքով զորքերի տեղակայման ընդլայնման մեջ, հայտնում է AP-ն:

Սինգհը խորհրդարանին հայտնել է, որ Հնդկաստանը դիվանագիտական ​​խողովակներով տեղեկացրել է Չինաստանին, որ «ստատուս քվոն միակողմանի փոխելու փորձերը երկկողմ համաձայնագրերի խախտում են»: Նա նաեւ ասել է, որ Հնդկաստանը հակատեղակայում է իրականացրել սահմանի երկայնքով, եւ դրա զորքերը կանխել են «չինական ներխուժման փորձերը»: «Մենք պետք է վստահ լինենք, որ մեր ռազմական ուժերը հաջողությամբ կհաղթահարեն իրավիճակը»,- ասել է Սինգհը:

Հնդկաստանը եւ Չինաստանը հայտնվել են լարված սահմանային իրավիճակում Լադաքհում, որտեղ հունիսին  տեղի ունեցավ վերջին տասնամյակների ամենամահացու բախումը:

Սեպտեմբերի 5-ին Սինգհը եւ նրա չինացի գործընկեր, գեներալ Վեյ Ֆենհեն հանդիպեցին Մոսկվայում` քննարկելու լարվածությունը թուլացնելու ուղիները: Դիմակայությունից հետո սա բարձր մակարդակի առաջին անմիջական շփումն էր երկու երկրների միջեւ:

Մի քանի օր անց երկու երկրների արտգործնախարարները եւս հանդիպեցին Մոսկվայում: Նրանք համաձայնեցին  նվազեցնել սահմանային լարվածությունը, բայց փակուղուց դուրս գալը, ինչպես սպասվում է, երկար գործընթաց կլինի: