Մենք չենք բանակցի որևէ նախապայմանի կամ սպառնալիքի ներքո. Զոհրաբ Մնացականյան


Մենք չենք բանակցի որևէ նախապայմանի կամ սպառնալիքի ներքո. Զոհրաբ Մնացականյան
Սեպտեմբեր 15 20:10 2020

Երևանը կարծում է, որ տարածաշրջանային կայունության համար լավագույնը կլիներ ամրապնդել 1994թ.-ից գործող հրադադարի ռեժիմը՝ «վերահսկողության մեխանիզմներով», որոնց շնորհիվ հնարավոր կլիներ խուսափել էսկալացիայից և «նշել» հրադադարի խախտման պատասխանատու կողմին: Այս մասին EFE-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։

«Սակայն, Բաքուն միշտ խուսափում է դրանից: Լավ կանեին՝ ընդունեին այն: Հիմա առաջնայինը լարվածության թուլացումն է: Այն ամենակարևորն է»,-նշել է նա և քննադատել Ադրբեջանի դիրքորոշումը, որը կարծես թե Հայաստանին է «լավություն» անում` ռազմական գործողություններ չվերսկսելով: 

«Եվ որ այդ պատճառով մենք պետք է զիջումների գնանք բանակցություններում: Հակառակ դեպքում՝ պատերազմ կլինի: Մենք մերժել ենք այդ դիրքորոշումը: Մենք չենք բանակցի որևէ նախապայմանի կամ սպառնալիքի ներքո», - ասել է նա:

Զոհրաբյանը կարծիք է հայտնել,  որ խաղաղ բանակցությունների վերսկսումը ոչ միայն «հնարավոր» է, այլև՝ «անհրաժեշտ»:

«Խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա: Մենք լիովին պատրաստ ենք շարունակելու դրանք հնարավորինս շուտ», - ասաց նա և հիշեցրեց, որ վերջին շփումը եղել է հունվար ամսին, իսկ այնուհետև գործընթացն ընդհատվել է COVID19-ի պատճառով:

Իշխանության գալուց ի վեր Փաշինյանը պնդում է, որ պետք է լինի «լուծում»՝ «ընդունելի Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի և ժողովուրդների համար:

«Չի կարող լինել լուծման այնպիսի տարբերակ, որը կլինի Հայաստանի կամ Լեռնային Ղարաբաղի հաշվին», - նշել է Զոհրաբ Մնացականյանը:

Նրա դիտարկմամբ՝ վերոնշյալի առնչությամբ Հայաստանն ունի երկու առաջնայնություն՝ Լեռնային Ղարաբաղի՝ «առանց սահմանափակումների» ինքնորոշման իրավունքի ճանաչում և անվտանգության համաձայնագրեր, որոնք կկանխարգելեն ռազմական գործողությունների վերսկսումը:

«Մեզ համար առաջնայինը Լեռնային Ղարաբաղի ֆիզիկական և էքզիստենցիալ անվտանգությունն է: Բայց անվտանգությունը մի հարց է, իսկ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը՝ մեկ այլ հարց», - շեշտել է ՀՀ ԱԳ նախարարը:

Նա պաշտպանել է խաղաղ գործընթացում Լեռնային Ղարաբաղի իշխանությունների մասնակցությունը, քանի որ նրանք իրենց ժողովրդից մանդատ են ստացել՝ բանակցելու համար: