Վարկերի տոկոսադրույքներն իջնելու փոխարեն բարձրանում են․ Սուրեն Պարսյան


Վարկերի տոկոսադրույքներն իջնելու փոխարեն բարձրանում են․ Սուրեն Պարսյան
Սեպտեմբեր 15 19:48 2020

Վարկերի տոկոսադրույքները իջնելու փոխարեն բարձրանում են։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը։

Նա, մասնավորապես, գրել է.

«Վարկերի տոկոսադրույքները իջնելու փոխարեն բարձրանում են

Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված ֆինանսատնտեսական ճգնաժամը մեծ հարված է հասցրել բոլոր երկրներին։ Տնտեսության աճի տեմպը պահպանելու համար կենտրոնական բանկերը շտապեցին վերանայել իրենց դրամավարկային քաղաքականությունները, մասնավորապես՝ կտրուկ նվազեցրեցին վերաֆինանսավորման տոկոսադրույքը, որն ուղղակիորեն նպաստում է վարկային տոկոսադրույքների իջեցմանը՝ առաջացնելով գնաճային ճնշումներ։ 2020 թվականի մարտի 17-ից մի քանի փուլով ՀՀ կենտրոնական բանկը նվազեցրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը, եւ այսօր՝ սեպտեմբերի 15-ի նիստում որոշվել է կրկին նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0,25 տոկոսային կետով՝ սահմանելով 4,25 տոկոս։

Այս տարվա ԿԲ-ի դրամավարկային քաղաքականությունը ենթադրում էր, որ առեւտրային բանկերի վարկերի տոկոսադրույքները պետք է իջնեին, սակայն պաշտոնական վիճակագրությունը արձանագրում է ճիշտ հակառակը։ Եթե 2019 թվականի դեկտեմբերին (վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 5,5 տոկոս) առեւտրային բանկերի՝ մինչեւ մեկ տարի միայն դրամով տրամադրված վարկային տոկոսադրույքը՝ 11,4 տոկոս էր, ապա 2020 թվականի հուլիսին (վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 4,5 տոկոս) վարկային տոկոսադրույքը կազմել է 11,59 տոկոս, այսինքն՝ այս տարի վարկային տոկոսադրույքները ավելի են բարձրացել։

Անշուշտ, պաշտոնատար անձինք սա կարող են բացատրել այս տարվա ճգնաժամային իրավիճակով, ռիսկայնության աճով, բայց դա վարկերի տակ կքած մարդկանց, բիզնեսին շատ քիչ է հետաքրքրում։ Ակնհայտ է, որ գործող իշխանությունները պատշաճ ուշադրություն չեն դարձնում ԿԲ-ի գործունեությանը, ինչի արդյունքում՝ ԿԲ-ն շարունակում է սպասարկել միայն բանկային համակարգի շահերը»։