Երբ խոսում են օֆշորային ճանապարհով զենք գնելու մասին, միանգամից մտածում ես շատ լուրջ կոռուպցիոն գործարքի մասին.Քոչարյան


Երբ խոսում են օֆշորային ճանապարհով զենք գնելու մասին, միանգամից մտածում ես շատ լուրջ կոռուպցիոն գործարքի մասին.Քոչարյան
Սեպտեմբեր 15 19:24 2020

Հայաստանն ահաբեկիչների երկիր չի, սանկցիաների տակ չի գտնվում. Հայաստանը կարող է օրինական ճանապարհով, պայմանագրերով զենք գնել եւ միշտ այդպես ենք գնել: Այս մասին լրագրողների հետ տնտեսական թեմաներով զրույցի ժամանակ նշել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«Գիտե՞ք երբ են շրջանցում օրինական ճանապարհները, երբ զենք առնող սուբյեկտը ինչ-որ սանկցիաների տակ է: Կամ օրինակ, եթե որեւէ երկիր ցանկանա զենք ծախել Թայվանին, փորձելու է միջնորդ ընտրելով զենքը վաճառել, որ Չինաստանի հետ խնդիրներ չունենա: Տվյալ դեպքում մենք ունենք պայմանագիր Ռուսաստանի հետ: Երբ խոսում են օֆշորային ճանապարհով զենք գնելու մասին, միանգամից մտածում ես շատ լուրջ կոռուպցիոն գործարքի մասին:

Նաեւ ՊՆ-ն ուներ, գուցե հիմա էլ ունի արտաբյուջետային հաշիվ: Ուրեմն պետք է ասեն՝ սա է արտաբյուջետային հաշիվը եւ այս գումարները նստել են այդ հաշվին: Ես գիտեմ, որ ինչ-որ ժամանակ եղել է նաեւ այդպիսի հաշիվ, որը եւս օգտագործվել է որոշ նպտակների համար: Բայց այդ հաշիվը եւս եղել է Ֆինանսների նախարարության վերահսկողության տակ: Հիմա դա էլ չի ասվում: Այնքան ժամանակ, մինչեւ մեզ ցույց չտան, թե ոնց է ծախսվել այդ գումարը, բոլորս իրավունք ունենք համարել, որ այդ գումարը նպատակին չի ծախսվել: Այդ գումարը մի տեղից պիտի դուրս գա: Չի կարող չերեւալ»,-ասաց նա: