Ներկայացվել Է Կարապի Տեսքով Գերթանկարժեք Զբոսանավի Կոնցեպտը


Ներկայացվել Է Կարապի Տեսքով Գերթանկարժեք Զբոսանավի Կոնցեպտը
Սեպտեմբեր 15 16:16 2020

Նախագիծը ներկայացվել է իտալական Lazzarini Design Studio-ի կողմից: Կարապի նմանությամբ այս գերթանկարժեք զբոսանավն ունենալու է առանձնացվող «գլուխ», որը ծառայելու է և՛ որպես ղեկավարման խցիկ, և որպես նավակ։ Զբոսանավը կկառուցվի այն ժամանակ, երբ նախագծողները գտնեն ներդրող, ով պատրաստ կլինի վճարել կես միլիարդ դոլար:
Դիզայներ Պիերպաոլո Լացարինին, ով հայտնի է լողացող քաղաքի, թռչող մեքենաների և զբոսանավերի յուրօրինակ կոնցեպտների մշակմամբ, նոր նախագիծն անվանել է Avanguardia, ինչն իտալերենից թարգմանաբար նշանակում է «Ավանգարդ»: Զբոսանավի իրանը կարապի մարմնի նմանությամբ է և ունի մի քանի մակարդակ, որոնք թևեր են հիշեցնում: Լացարինիի խոսնակն ասել է, որ դիզայնը ոգեշնչված է 1970-ականների ճապոնական մանգայից:
Զբոսանավի առանձնահատկությունը նրա երկար «պարանոցն» է, որը պետք է ծառայի «գլխի»՝  նավի ղեկավարման խցիկի սահուն շարժման համար: Երբ նավը շարժման մեջ է, այն կողքից հիշեցնում է թռչնի, որը գլուխը թաքցրել է թևի տակ: Բացի այդ, ղեկավարման խցիկը կարելի է իջեցնել ջրի վրա, այնպես որ այն վերածվում է 16 մետրանոց փոքր զբոսանավի։ Այդ ժամանակ հիմնական նավը կարելի է կառավարել վերնաշինվածքում գտնվող օժանդակ խցիկից:

137 մետրանոց զբոսանավը կունենա հինգ տախտակամած, որոնք կարող են տեղավորել մինչև 60 մարդու, այդ թվում` 10 հոգանոց անձնակազմ և 24 հյուր: Avanguardia-ի վրա նախատեսվում է լողավազան և ավտոտնակ. նախագծի հեղինակների կարծիքով, սա զբոսանավը կդարձնի իդեալական նավ՝ հեռավոր ուղևորություններ կատարելու համար: Բացի այդ, Avanguardia-ն կհամալրվի ընդարձակ հարթակով՝ նախատեսված երկու ուղղաթիռի համար։
Նախնական տեղեկություններով զբոսանավը կարող է շարժվել 33 կիլոմետր ժամ արագությամբ՝ շնորհիվ MTU Rolls-Royce շարժիչի։ Ակնկալվում է, որ էլեկտրաէներգիան կստեղծվի արևային մարտկոցների միջոցով, սակայն դրանց հզորությունը դեռ հայտնի չէ:
Այժմ Avanguardia-ին պարզապես կոնցեպտ է, որում դեռ ոչ բոլոր մանրամասներն են մտածված: Զբոսանավի կառուցման համար Lazzarini Design Studio-ն փնտրում է հավանական գնորդ, ով պատրաստ կլինի վճարել մոտ 500 միլիոն դոլար՝ գերշքեղ զբոսանավն ունենալու համար։