Պետք է շատ զգույշ վերաբերվենք մշակութային, պատմական արժեքներին. Նախագահը հանդիպել է մտավորականների հետ


Պետք է շատ զգույշ վերաբերվենք մշակութային, պատմական արժեքներին. Նախագահը հանդիպել է մտավորականների հետ
Օգոստոս 19 19:17 2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է մի խումբ մտավորականների հետ: Այս մասին տեղեկանում ենք նախագահի պաշտոնական կայքից։

 

Հանդիպման սկզբում նախագահ Սարգսյանն ասել է, որ ակնկալում է պարզ մարդկային զրույց՝ լսելու անկաշկանդ ու ոչ պաշտոնական կարծիքներ։ «Եթե մտքեր կամ խորհուրդներ ունեք, ուրախ կլինեմ լսել,-ասել է նախագահը։- Ինձ շատ բաներ են անհանգստացնում։ Օրինակ, մտավորականության մասնակցությամբ հանրային քննարկումների պակասը»,- մասնավորապես նշել է Հանրապետության նախագահը։ «Հանրային, ազատ մտածող մարդկանց քննարկումների բացակայություն կա, մարդկանց, որոնք ոչ միայն ի պաշտոնե են ազատ, այլ նաեւ ոգով,- ասել է նախագահ Սարգսյանը։- Կա մեկ ուրիշ գործոն եւս, որն ինձ անհանգստացնում է։ Հաճախ հանրության մեջ մի շարք երեւույթների, գործընթացների շատ մակերեսային ենք մոտենում։ Եթե հետեւում ես մամուլին, վերլուծական նյութերին, մեկնաբանություններին, ելույթներին, հազվադեպ կարելի է գտնել խորը մեկնաբանություններ։ Հիմնական քննարկումները զգացական, էմոցիոնալ են, հենված վերնագրի վրա։ Այսինքն՝ կարդում են վերնագիրը եւ հետո սկսում մեկնաբանել, իսկ թե վերնագրից ներքեւ, բուն նյութն ինչի մասին է, չեն կարդում։

Ընդհանրապես, ամեն ինչի մասին վերնագրային կամ մակերեսային քննարկման սինդրոմ եմ տեսնում, որը շատ ցավալի է։

Կա մեկ այլ գործոն, որն ինձ անհանգստացնում է եւ կապված է ձեւացնելու հետ, երբ ձեւացնում ենք, թե ինչ-որ բան ունենք։ Կարող եմ պարզ օրինակ բերել՝ ձեւացնում ենք, թե մենք մեր երկրում ունենք զարգացած տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտ։ Տաղանդավոր երիտասարդներ, նախկին Խորհրդային Միությունից դեռեւս մնացած մաթեմատիկայի, ֆիզիկայի, բնական գիտությունների ոլորտում ավանդույթներ, մարդիկ ունենալը մի բան է, կայացած ոլորտ՝ մեկ այլ։ Այսօր ասել, որ մենք ունենք զարգացած ՏՏ ոլորտ, ձեւացնել է։ Այսօր ունենք մոտ 20 հազար մարդ, որոնք այդ ոլորտում են աշխատում։ Նրանցից ծրագրավորումով զբաղվում է ընդամենը 5-6 հազար մարդ․․․ Չենք կարող դեպի ապագա գնալ 20 հազար պարզ ինժեներով, որոնցից 5-6 հազարն է ծրագրավորող»:

Կարեւորելով նման հանդիպումները' Հանրապետության նախագահի հյուրերը՝ գրող, կինոգետ Դավիթ Մուրադյանը, գրականագետ Դավիթ Գասպարյանը, նկարիչ Սամվել Սեւադան, բանաստեղծ, թարգմանիչ Հակոբ Մովսեսը, լրագրող Էդիկ Անդրեասյանը, գրող, «Գրական թերթի» խմբագիր Կարինե Խոդիկյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արտաքին հարաբերությունների եւ արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, բարձրացրել են մտահոգող մի շարք հարցեր, ներկայացրել իրենց տեսակետները: Արձանագրելով, որ աշխարհն ապրում է անհանգիստ եւ փորձությունների ժամանակներ, որպես մարտահրավերներին դիմակայելու եւ հաղթահարելու կարեւոր նախապայմաններ նշվել են ազգային համաձայնությունն ու միասնականությունը, որի առանցքը կարող են լինել առաջին հերթին բանակը եւ մշակույթը:

Շարունակելով զարգացնել գաղափարը՝ նախագահ Սարգսյանն անդրադարձել է Հայ պարկի ծրագրին։ «Ազգային միասնության սիմվոլներ պետք է ստեղծենք։ Հայ պարկը հենց նման գաղափար ունի,-ասել է նախագահը։- Ծիծեռնակաբերդի տարածքում պետք է կառուցենք այգի՝ որպես համազգային միասնության ծրագիր։ Այն կառուցելու համար գուցե տարիներ կպահանջվեն, պետք է բոլորս միանանք։ Այգին պետք է շատ պարզ կառուցվածք ունենա․ առաջին հատվածը նվիրված կլինի մեր կորցրած տարածքներին՝ Վան, Էրզրում, Կարին եւ այլն, երկրորդ հատվածը՝ Սփյուռքին, մեկ այլ հատված՝ այսօրվա Հայաստանին ու Արցախին։ Այդ մեծ պարկը կդառնա փոքրիկ այգիների հավաքածու։ Օրինակ՝ կլինի արցախցիների այգի, որը հենց իրենք էլ կխնամեն, մյուսը՝ Մարսելի հայերինը, մեկ ուրիշը՝ Ռոստովի, Մոսկվայի, Գլենդելի հայերինը։ Այդ կերպ եւս մենք աշխարհին ցույց կտանք, որ միասնական ժողովուրդ ենք»:

Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են նաեւ հայոց լեզվի խնդրին, կարեւորել պետական ուշադրությունը եւ հոգածությունը լեզվի նկատմամբ, լեզվի անաղարտությունը պահպանելը, գրագետ խոսելն ու գրելը: Նախագահ Սարգսյանը շեշտել է նաեւ արեւմտահայերենի պահպանության առաջնահերթությունը, ինչպես նաեւ բարբառների կարեւորությունը՝ նշելով, որ դրանք մեր լեզվի հարստությունն են:

Ներկայացնելով իրենց մտահոգությունները կրթական ծրագրերի չափորոշիչների վերաբերյալ՝ մտավորականներն ընդգծել են կրթության, ազգային նկարագրի եւ ազգային արժեքների կարեւորությունը: Նախագահ Սարգսյանն ասել է, որ կրթությունը որեւէ երկրի եւ հատկապես Հայաստանի զարգացման հիմնական շարժիչն է եւ կրթական համակարգը մեր հանրային կյանքի ամենազգայուն մասերից մեկն է: «Դպրոցական դասագիրք, մեթոդ, վերաբերմունք փոխելն այդքան հեշտ բան չէ: Այդ գործընթացն անպայման պետք է անցնի երկարաժամկետ հանրային քննարկման եւ հանրային համաձայնության ճանապարհով։ Ազգային միասնությունը միայն բանակը չէ, միայն մշակույթը չէ, այլ՝ նաեւ այն դասագիրքը, որով երեխային սովորեցնում ենք։ Եթե ազգային միասնություն չունենք, թե մեր երեխային ինչ ենք սովորեցնում, այդ դեպքում ինչպե՞ս կարող ենք մշակույթի կամ բանակի ոլորտում ունենալ համաձայնություն։

Լինելով աշխարհին ծանոթ՝ մենք պետք է ստեղծենք մերը, եւ պետք է ձգտենք, որ մերը լինի լավագույններից մեկը։ Հնարավոր է գտնել այն, ինչը քոնն է, համապատասխանում է քո մշակույթին, պատմությանը, միջավայրին եւ այլն, նրա՛ն, ինչ որ դու ես, եւ քո ազգային նկարագիրն է։ Դա նացիոնալիզմ չէ։ Գերմանական կրթական համակարգը համապատասխանում է գերմանական մշակույթին եւ ազգին, բրիտանականը՝ բրիտանացիներին․․․

Պետք է շատ զգույշ վերաբերվենք մշակութային, պատմական արժեքներին։

Հայաստանը մեկուսացած չէ: Սակայն այս ամբողջ անորոշությունը նաեւ հնարավորություն է ծնում: 20 տարի հետո այն պետությունները, որոնք հստակ տեսլական ունեն, գիտեն՝ ուր են գնում, գիտեն, թե իրենք ով են, ունեն կարգապահություն, հստակ ռազմավարություն ունեն, այդ պետությունները հաղթելու են: Այդ տեսլականի մեջ կրթությունը, մշակույթը եւ, իհարկե, առողջապահությունը կարեւորագույն տեղ ունեն։

Այս աշխարհը հնարավորություն է: Մենք խաչմերուկում ենք, եւ այստեղ է, որ մտքերը, գաղափարները եւ մեր արժեքները կարեւոր են: Կարեւոր է՝ գիտակցենք, թե մենք ով ենք եւ ինքներս մեզ գնահատենք: Եվ սա ազգային մեծամտություն չէ»: