Պոմպեոն ԵՄ երկրներին կոչ է արել արգելել «Հըզբոլլահ»-ի հետ կապված անձանց մուտքը


Պոմպեոն ԵՄ երկրներին կոչ է արել արգելել «Հըզբոլլահ»-ի հետ կապված անձանց մուտքը
Օգոստոս 16 00:27 2020

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ԵՄ երկրներին կոչ է արել արգելել «Հըզբոլլահ» կազմակերպության հետ կապված մարդկանց մուտքը, ինչպես դա արել էր ավելի վաղ Լիտվան: Այս մասին ամերիկյան դիվանագիտության ղեկավարը գրել է շաբաթ օրը՝ Twitter-ի իր էջում, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Լիտվան կարեւոր քայլ է ձեռնարկել՝ արգելելով «Հըզբոլլահ»-ի անդամների մուտքն իր տարածք՝ այն հիմնավորմամբ, որ դա ահաբեկչական կազմակերպություն է: Մենք մեր եվրոպացի գործընկերներին հորդորում ենք հետեւել Լիտվայի օրինակին եւ կանխել նրա («Հըզբոլլահ»-ի) գործունեությունը Եվրոպայում»,- ասել է նա:

Ավելի վաղ Լիտվայի արտգործնախարարությունը հայտնել էր, որ «Հըզբոլլահ» կազմակերպության հետ կապված անձինք 10 տարի չեն կարող մուտք գործել բալթյան հանրապետության տարածք: Ինչպես նշել են արտաքին քաղաքական գերատեսչությունում, այդպիսով երկիրը միանում է Մեծ Բրիտանիային, Գերմանիային, Նիդեռլանդներին եւ Միացյալ Նահանգներին, որոնք կիսում են «Հըզբոլլահ»-ի հանդեպ այդ դիրքորոշումը: