Երկու երեխա գրկած վազում էի, սարսափելի վիճակ էր. Վարդաշենի հանրակացարանի բնակիչներն գիշերը դրսում են անցկացրել (լուսանկարներ)


Երկու երեխա գրկած վազում էի, սարսափելի վիճակ էր. Վարդաշենի հանրակացարանի բնակիչներն գիշերը դրսում են անցկացրել (լուսանկարներ)
Օգոստոս 13 00:04 2020

Վարդաշենի հանրակացարանի բնակիչները երեկ գիշեր տեղի ունեցած երկրաշարժից հետո մինչեւ լույս դրսում են անցկացրել: Երկրաշարժից քարեր ենթափվել եւ բնակիչները վախեցել են, որ 4-րդ կարգի վթարային շենք, որում ապրում են, կփլվի:

«Ահավոր վիճակ էր, ահավոր ցնցումներ, մեկը 3 երեխա գրկած դուրս է վազում, 2 երեխա ես էի գրկել, վազում, մի խոսքով` մի ահավոր, սարսափելի վիճակ: Մեր շենքը 4-րդ կարգի վթարային շենք է, նաեւ սողանքային գոտու վրա է, այսինքն  սողում է շենքը ու մեր հարցը պետք է քաղաքապետարանը լուծի: Այս երկրաշարժից հետո  շենքի վիճակը շատ է վատացել»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց շենքի լիազորը:

Շենքի մեկ այլ բնակիչ էլ պատմեց, որ բնակարաններից մեկը մինչեւ երեկ վերանորոգել են, որ ընտանիքով վերադառնան ապրելու, սակայն երկրաշարժից հետո փակել են դուռը եւ փոխել իրենց այդ որոշումը:

«Էստեղ ով կա ուզում է շենքից դուրս գա, ասում են` գնանք դոմիկում ապրենք, մինչեւ հարցը լուծվի: 2015 թվից քաղաքապետի որոշումով պետք է վերանորոգվեր շենքը, բայց 15 թվից առ այսօր ոչ մի բան չի արվել շենքի համար»,- ասաց նա:

Բնակչի խոսքով` շենքի բնակիչներով որոշել են մասնակցել հեղափոխությանը, որ գոնե իրենց շենքի հարցն էլ լուծվի, բայց կրկին ձեռնունայն են մնացել:

«Բայց արդեն մի տարի է պայքարում ենք, ցույցեր ենք անում,  քաղաքապետարան ենք գնում, Կառավարություն ենք գնում, բայց ոչ մի արձագանք չկա: Խնդրում ենք պարոն քաղաքապետին եւ Փաշինյանին, մի անտեսեք մեզ»,- հավելեց նա: