Երբ մահերի թիվը հասնի զրոյի, «Կրիր դիմակ, փրկիր կյանքեր» կարգախոսը փոխարինելու ենք «Կրիր դիմակ և մի տուգանվիր» կարգախոսով. վարչապետ


Երբ մահերի թիվը հասնի զրոյի, «Կրիր դիմակ, փրկիր կյանքեր» կարգախոսը փոխարինելու ենք «Կրիր դիմակ և մի տուգանվիր» կարգախոսով. վարչապետ
Օգոստոս 12 13:06 2020

Իմաստ ունի հետագծենք մեր գործողությունները՝ կապված նոր տիպի կորոնավիրուսի հետ, ըստ էության, ապրիլին, երբ 2 ամսվա խիստ սահամանափակման ռեժիմում էր ապրում երկիրը, մենք արձանագրեցինք երկու բան` սոցիալական և տնտեսական խնդիրները շատ արագ տեմպերով խորանում են, այս մասին Կառավարության արտահերթ նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը հիշեցրեց, որ ինքն ապրիլին ասել է, որ 50 հազար աշխատատեղ է կրճատվել երկրում: «Մյուս կողմից տեսնում էինք, որ ինչքան էլ երևացող հատվածներում հակահամաճարակային որոշակի կանոններ հնարավոր է լինում պահել, ամբողջ հանրապետության տարածքում և, մասնավորապես, ոչ շատ տեսանելի հատվածներում կանոնները ոչ մի կերպ չէին պահվում»,- ասաց նա:  

«Հիշո՞ւմ եք, երբ վերլուծում էինք նոր դեպքերը, մենք արձանագրում էինք բնակավայրերի հասցեների կուտակումներ: Ըստ էության, ունեինք իրավիճակ, որ առաջաբեմում կանոնները պահում էինք, ետնաբեմում՝ ոչ: Մյուս կողմից մենք եկանք այն արձանագրման, որ անհնար է առանց քաղաքացիների ներգրավվածության և առանց պատասխանատվության կիսման այդ խնդիրը լուծել: Նաև պետք է արձանագրենք, որ ապրիլ, մայիս ամիսներին մեր իրավապահ մարմինները բավարար կոշտություն չէին ցուցաբերում այս խնդիրները կարգավորելու համար»,- ընդգծեց նա:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ինչ-որ պահի Կառավարությունը եկել է այն որոշման, որ քաղաքացիներին պետք է ուղիղ ներկայացնել իրավիճակը, մյուս կողմից Կառավարության թիվ մեկ պատասխանատվությունն էր, որ որևէ քաղաքացի չմնա առանց պատշաճ բուժօգնության:

«Պետք է արձանագրել, որ այդ հատվածում մեր Կառավարությունն ու Առողջապահության նախարարությունը գործնականում համարյա արել են անհնարինը, որովհետև այդ ժամանակահատվածում այդ աստիճանի մեծ առողջապահական հզորություններ ծավալելը շատ բարդ խնդիր էր: Հարց բարձրացավ՝ բա որ վաղը հարց ծագի՝ էսքան գումարները ծախսել եք այդ հզորությունները ծավալելու համար, որքանո՞վ էր արդյունավետ այդ գումարները ծախսելը: Այնուամենայնիվ, հիմա հետագա քննարկումներով էլ տեսանք, որ այդ գումարներն անիմաստ չեն ծախսվել, նույնիսկ եթե հույս ունենանք դրանք այլևս կորոնավիրուսի համար չեն օգտագործվելու, այդ սարքավորումները, որ ձեռք են բերվել, սկսած թթվածնային սարքավորումներից, դրանք շատ լայն կիրառություն ունեն, մենք կշարունակենք օգտագործել»,- հայտարարեց նա:

Վարչապետի համոզմամբ՝ մենք այս խնդիրն արմատապես լուծելու շանս ենք ստացել: «Ես ուզում եմ ընդգծել նաև Ոստիկանության շատ կոշտ աշխատանքն այս ընթացքում: Այսօր այս թվերի նվազմանը զուգահեռ դիմակ չկրելու համար տուգանվող քաղաքացիների թվի էական աճ ունենք: Սա նշանակում է, որ այս թվերի նվազման միտումը մեր քաղաքացիները էլի չափից ավելի լավատեսորեն են ընդունում: Մեր խնդիրն այն է, որ եթե մենք այս իրավիճակը ճիշտ չգնահատենք, կարող ենք էլի հետ գլորվել հուլիսի իրավիճակին»,- նշեց նա:

Նիկոլ Փաշինյանի հավաստմամբ, եթե այս տեմպերը շարունակվեն, որքն էլ այլ երկրներում երկրորդ ալիք սկսվի համավարակի , ինչ էլ կատարվի աշխարհում, Հայաստանը կարող է հաղթահարած լինել վիրուսը:

«Մենք, անցնելով այս դժոխքի միջով, ունենալով 800 մահ բուն կորոնավիրուսի պատճառով և 234 մահ այլ պատճառով, բայց կորոնավիրուսով հիվանդ քաղաքացիների շրջանում, այսօր շանս ունենք աշնանը գտնվել բոլորովին այլ՝ հաղթահարած վիճակում, անկախ նրանից աշխարհում ինչ կկատարվի: Դա կլինի այդպես, եթե մենք մեր ռազմավարությունը ճիշտ շարունակենք, օգտագործել՝ սովորել ապրել կորոնավիրուսի հետ կարգախոսը»,- նշեց նա և հավելեց դա նշանակում է՝ դիմակի կրման բացառիկ կարգապահություն:

«Եթե մենք դիմակի կրման պատշաճ մակարդակ ապահովենք, մենք կարող ենք համարել, որ մենք կորոնավիրուսի հետ կապված խնդիրը գործնականում լուծել ենք, եթե ոչ, մենք էլի վերադառնալու ենք հուլիսի վիճակին: Առողջապահական հզորությունների առումով մենք խնդիր չունենք: Կան դժգոհություններ, թե ինչի են քաղաքացիները տուգանվում, այո, դրա համար կա հեշտ ձև՝ կրել դիմակ և չտուգանվել: Այն ժամանակ ասում էինք՝ «Կրիր դիմակ, փրկիր կյանքեր», հիմա հույս ունենք՝ մահերը կզրոյանան և կասենք՝ «Կրիր դիմակ և մի տուգանվիր»: Սրանով հարցը կփակենք մինչև պատվաստանյութի հետ կապված խնդիրները լուծվեն»,- ասաց նա:



loading...