«Հոգևորականը ո՛չ հայհոյեց, ո՛չ խփեց, ոչ մի բան չարեց. ինչ որ կա՝ շատ տհաճ է». Շիրակի թեմի առաջնորդ


«Հոգևորականը ո՛չ հայհոյեց, ո՛չ խփեց, ոչ մի բան չարեց. ինչ որ կա՝ շատ տհաճ է». Շիրակի թեմի առաջնորդ
Օգոստոս 8 22:07 2020

«Հոգևորականը նստած էր, ո՛չ հայհոյեց, ո՛չ խփեց, ոչ մի բան չարեց։ Առաջնորդարանում և Սրբազանի ներկայությամբ այդպիսի բան պետք է չլիներ, բայց մնացածը ես չեմ կարող բացատրել»,- ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը՝ անդրադառնալով Մոսկվայի Հայ Առաքելական եկեղեցում տեղի ունեցած միջադեպին։

Միջադեպին ներկա էին Մոսկվայի հայ համայնքի ղեկավար, ջավախահայ Նորայր Թևանյանը և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը։ Վերջինս հանգիստ նայում էր, թե ինչպես են Աստծո տաճարում նվաստացնում ու վիրավորում գործարար Սարիբեկ Գևորգյանին, և որևէ կերպ չէր միջամտում:

«Ես չգիտեմ, ես այնտեղ չեմ եղել, որպեսզի մեկնաբանեմ, բայց այն, ինչ որ կա՝ շատ տհաճ է, շատ տգեղ է, բայց՝ ինչու է այդպես, չեմ կարող ասել»,- ասաց  արքեպիսկոպոս Աջապահյանը։

Տեր Միքայելը նշեց՝ հոգևորականի առաջնային գործառույթը հոգևարական լինելն է։

Նշենք, որ երեկ այս թեմային անդրադարձավ նաև «Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյանը։

Վերջինս իր տեսաուղերձում նշել էր․ «Ես պաշտպանում և պաշտպանելու եմ մեր Հայ Առաքելական եկեղեցու արժեքները, որպեսզի որևէ մեկը չկարողանա ավելորդություններ խոսել մեր եկեղեցական, քրիստոնեական արժեքների մասին։ Մեր հոգևորականներն իրենց գործելաոճով և նիստուկացով  նույնպես պետք է համապատասխանեն այդ արժեքներին: Եկեղեցին չպետք է վերածվի հարցեր լուծելու վայրի»,- նշել էր Վարդանյանը։