Խաչատուր Սուքիասյանին պատկանող «Ռոսսիա մոլ»-ում ավտոմեքենա կայանելու համար գումար են պահանջում, ապա հին ՀԴՄ տրամադրում


Խաչատուր Սուքիասյանին պատկանող «Ռոսսիա մոլ»-ում ավտոմեքենա կայանելու համար գումար են պահանջում, ապա հին ՀԴՄ տրամադրում
Օգոստոս 7 23:29 2020

MegaNews.am-ին է դիմել մի քաղաքացի՝ նշելով՝    «Ռոսսիա մոլ» առևտրի կենտրոնի  ավտոկայանատեղիում  մեքենան կայանելու համար իրենից 200 դրամ վճարում են պահանջել։  Երբ քաղաքացին պահանջել է,  որ իրեն ՀԴՄ կտրոն տրամադրեն,  տրամադրվել  է  ավելի վաղ (24   րոպե առաջ)  տպված կտրոն, այսինքն` հին կտրոն, որից ինչ-որ քաղաքացի,  հավանաբար,  հրաժարվել է:  Ստացվում է`  Խաչատուր Սուքիասյանին պատկանող մոլում ջանում են հնարավորինս  քիչ  կտրոն տպել ու քաղաքացիներին  տրամադրել: Մի փաստ ևս արձանագրենք. մոլի ավտոկայանատեղիում ավտոմեքենան կայանելու համար վճար պահանջելը  մեր երկրում նորություն է, մյուս մոլերում գնումներ անողներն անվճար կայանում են  իրենց ավտոմեքենաները:

Հենց այսօր  մեր թղթակիցը հարցում է կատարել մի քանի մոլերի այդ փաստը վստահաբար իմանալու համար, և,  իսկապես, մյուս մոլերում նման վճարում գոյություն չունի: Մեր լրատվամիջոցը մեզ տրված  մասնագիտական լիազորությունների սահմաններում անելու է ամեն ինչ, որպեսզի որևէ տնտեսվարող իրեն արտոնյալ  չզգա, ինչի պատճառով կարող են տուժել մեր երկրի քաղաքացիները։

Meganews.am-ի  թղթակիցը  հեռախոսակապ հաստատեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Լուսինե Մկրտչյանի հետ։  Վերջինս նշեց՝   մեր հայտնած տեղեկությունը և տրամադրած փաստերը կտրամադրի վերահսկղության աշխատակիցներին, ստուգումներ կկատարվեն, մասնագետները հենց իրենք կգնան այնտեղ, ավտոմեքենա կկայանեն և կտեսնեն՝ իրականում ինչ է կատարվում, և եթե խախտում արձանագրվի, գործ կկազմվի, կակտավորվի ու տնտեսվարողը պատասխանատվություն կկրի տվյալ անօրինականության համար։