Հետախուզման մեջ գտնվող Լևոն Սարգսյանը`«Ալրաղացի Լյովիկը» տեղափոխվել է Հայաստան


Հետախուզման մեջ գտնվող Լևոն Սարգսյանը`«Ալրաղացի Լյովիկը» տեղափոխվել է Հայաստան
Օգոստոս 6 23:55 2020

Հետախուզման մեջ գտնվող նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը`«Ալրաղացի Լյովիկը» տեղափոխվել է Հայաստան: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

«Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության և Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազության համագործակցության արդյուքնում և ՀՀ արտաքին գործերի նախարարության օժանդակությամբ ՀՀ ոստիկանության օպերատիվ աշխատակիցների խումբը 06.08.2020թ. ՀՀ է տեղափոխել ՀՀ իրավասու մարմինների կողմից հետախուզվող Լևոն Հրաչյայի Սարգսյանին:

Լևոն Սարգսյանին ՀՀ իրավասու մրամիններին հանձնելու մասին ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը ՌԴ գլխավոր դատախազության կողմից բավարարվել էր սույն թվականի մարտ ամսին և համապատասխան մարմիններին հանձնարարվել էր ապահովել վերջինիս տեղափոխումը հանձնելու մասին որոշումն օրինական ուժի մեջ մտնելուց հետո»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Ռուսաստանում Հայաստանի ոստիկանության ներկայացուցչության եւ ՌԴ ՆԳՆ համապատասխան ստորաբաժանումների համատեղ իրականացված լայնածավալ օպերատիվ-որոնողական աշխատանքի արդյունքում նոյեմբերի 21-ին ՌԴ Մոսկվայի մարզի Զելենոգրադ քաղաքում հայտնաբերվել եւ ձերբակալվել է Երեւանի բնակիչ 51-ամյա Լեւոն Հրաչյայի Սարգսյանը:

Նա 2018-ի հոկտեմբերի 1-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-2-րդ կետերի եւ 223-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Նշենք, որ նա ԱԺ նախկին պատգամավոր է, պատգամավոր է եղել 1999-2007 թվականներին: Լեւոն Սարգսյանը հայտնի է Ալրաղացի Լյով մականունով:

Նշենք, որ Լեւոն Սարգսյանը մեղադրվում է 11 տարի առաջ Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա կատարված ավազակային ավավազակային հարձակումը պատվիրելու մեջ։