Դրամական օգնություն, պաշտպանիչ հագուստ, բուժսարքավորումներ, դաշտային հիվանդանոց և բժիշկներ. Լիբանանին աջակցության ծրագրին միացել են Իտալիան, Չինաստանը, Հորդանանը, Դանիան, Բրիտանիան


Դրամական օգնություն, պաշտպանիչ հագուստ, բուժսարքավորումներ, դաշտային հիվանդանոց և բժիշկներ. Լիբանանին աջակցության ծրագրին միացել են Իտալիան, Չինաստանը, Հորդանանը, Դանիան, Բրիտանիան
Օգոստոս 6 23:10 2020

Դանիան խոստացել է 12 մլն կրոն (1.9 մլն դոլար) նվիրաբերել Լիբանանին, որը մեծամասամբ կփոխանցվի Կարմիր խաչի միջոցով, ինչպես նաև 600 քիմիական պաշտպանիչ հագուստ: Այս մասին հայտնում է «Ալ-Ջազիրան»:

Դանիայի զարգացման հարցերով նախարարի խոսքով՝ պայթյունը տեղի է ունեցել Լիբանանի համար վատագույն ժամանակ, երբ երկրի տնտեսությունն ու առողջապահական համակարգն ամբողջովին «ծնկի իջած վիճակում» են գտնվում:

Դանիան այդ տարի արդեն 5.1 մլն դոլարի մարդասիրական օգնություն է հատկացրել Լիբանանին՝ օգնելու միջինարևելյան երկրի փախստականներին:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ կշարունակի կենտրոնացնել ջանքերը լիբանանցի ժողովրդի կարիքների վրա: Մեծ Բրիտանիան Բեյրութ է ուղարկելու իր արքայական նավատորմի նավը, ինչպես նաև մտադիր է 6.6 մլն դոլար մարդասիրական օգնություն տրամադրել:

Իտալիան, իր հերթին, բժշկական սարքավորումներով հագեցած օդանավ է ուղարկում Բեյրութ:

Հորդանանը խոստացել է 24 ժամվա ընթացքում դաշտային հիվանդանոց կառուցել լիբանանյան մայրաքաղաքում: Երկու հորդանանյան ռազմական օդանավեր արդեն ուղևորվում են Լիբանան: Հիվանդանոցում կաշխատեն 160 բժիշկներ:

Չինաստանը ևս բուժանձնակազմ և բուժսարքավորումներ կուղարկի Լիբանան։

Հիշեցնենք, որ դրամական և բուժսարքավորումների տեսքով օգնություն Լիբանանին տրամադրել են նաև Ֆրանսիան, Կատարը, Քուվեյթը, Իրաքը, Ավստրալիան:

Պայթյունը Բեյրութում տեղի է ունեցել օգոստոսի 4-ին: Միջադեպի հետևանքով վերջին տվյալների համաձայն մահացել է 157 մարդ, որոնց թվում՝ 11 հայ: Վիրավորվել են 5000-ը, ավելի քան 300 000-ը՝ առանց տանիքի են մնացել:

Երկրի ՆԳՆ տվյալներով՝ պայթել է նավահանգստի պահեստում գտնվող 2700 տոննա ամոնիումի նիտրատը, որն առգրավվել էր դեռևս 6 տարի առաջ: