Մի շարք խոշոր հյուրանոցների կասեցման միջնորդություն կներկայացվի․ ԱԱՏՄ-ն մարզերում խնդիրներ է արձանագրել


Մի շարք խոշոր հյուրանոցների կասեցման միջնորդություն կներկայացվի․ ԱԱՏՄ-ն մարզերում խնդիրներ է արձանագրել
Օգոստոս 6 22:00 2020

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևանի և մարզերի տարածքային ստորաբաժանումներն այսօր շարունակել են մշտադիտարկման աշխատանքները հանրապետության մարզերում և մայրաքաղաքում: ԱԱՏՄ տեսուչների դիտարկման տիրույթում են խոշոր հյուրանոցները, հանգստյան տները, արտադրական և բժշկական կազմակերպությունները: Մարզային ստուգայցերն այսօր իրականացվել են, մասնավորապես, Աղվերանում, Սևանում, Նոյեմբերյանում, Իջևանում, Վանաձորում և Գորիսում: Մի շարք տնտեսավարողների մոտ խախտումներ են արձանագրվել՝ կապված ջերմաչափման, ախտահանման մատյանների վարման հետ, առկա չեն եղել դիմակների համար նախատեսված փակվող աղբամաններ, բացակայել են իրազեկման պաստառները:

Նշված խնդիրները գրանցվել են նաև Գորիսում գործող մի շարք հյուրանոցներում: Տեսչականի մասնագետների կազմած կասեցման արձանագրությունները կուղարկվեն պարետին: Մյուս մարզերում տեսչական դիտարկումներն առանձնակի խախտումներ չեն արձանագրել: Հիմնական թերությունները եղել են տեղում շտկման ենթակա, ինչի վերաբերյալ տնտեսավարողներին տրվել է խորհրդատվություն և դրանք վերացնելու ցուցում։

ԱԱՏՄ մասնագետներն այսօր դիտարկումներ են անցկացրել նաև երևանում, մասնավորապես,  սպորտային խոշոր համալիրում։ Բողոքի հիման վրա դիտարկվել է նաև բանկերից մեկի մասնաճյուղը: Կոպիտ և համակցված խախտումների դեպքում կազմվում են արձանագրություններ և ուղարկվում պարետատուն: ԱԱՏՄ-ն շարունակում է անակնկալ ուժեղացված ստուգայցերն ամենուր և ամեն օր՝ զուգահեռ իրականացնելով նաև իրազեկման աշխատանքներ՝ հակահամաճարակային կանոնների պահպանման կարևորության մասին։

 



loading...