Հ1-ի հեռարձակումը սահմանափակվել է Լոս Անջելեսում․ հեռուստաընկերությունը սպասում է PanArmenian TV-ի պարզաբանմանը


Հ1-ի հեռարձակումը սահմանափակվել է Լոս Անջելեսում․ հեռուստաընկերությունը սպասում է PanArmenian TV-ի պարզաբանմանը
Օգոստոս 5 21:11 2020

Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Արա Շիրինյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում հայտնեց, որ օգոստոսի 1-ից խնդիրներ են առաջացել Լոս Անջելեսում Հ1-ի հեռարձակման հետ, որն իրականացնում է PanArmenian TV-ն:

Լոս Անջելեսում բնակվող հայերը բաց նակամկով դիմել են վարչապետ Նիկոլ Փաշնյանին՝ տեղեկացնելով այնտեղ Հ1-ի հեռարձակման խնդիրների մասին: Նամակի կրկնօրինակը նրանք տրամադրել են ՍիվիլՆեթին:

«Նման խնդրի առկայության մասին մենք էլ ենք լսել ու այժմ սպասում ենք պաշտոնական պազզաբանումների»,- ասաց Արա Շիրինյանը՝ հավելելով, որ խնդրի առաջացման մասին լսել են օգոստոսի 1-ին:

Լոս Անջելեսի հայերը վարչապետ Փաշինյանին ուղղված բաց նամակում նշել են, թե Հ1-ի հեռարձակման սահմանափակումը կատարվում է միտումնավոր՝ հեռուն գնացող քաղաքական նպատակներով։ Արա Շիրինյանը չմեկնաբանեց այդ պնդումները և ասաց, որ այժմ մենք սպասում են պարզաբանումների իրենց գործընկեր  PanArmenian TV-ից, որից հետո կհասկանան՝ ինչ անել։

․․․

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված Լոս Անջելեսի հայերի նամակը՝ ստորև․ 

«Մեծարգո պարոն վարչապետ

Հասկանալով Ձեր գերծանրաբեռնվածությունը հատկապես այս օրերին,  հայրենի սահմանին առկա իավիճակով պայմանավորված, և հայցելով Ձեր ներողամտությունը, պարտավոր ենք Ձեր ուշադրությունը հրավիրել ներկայացվող խնդրին: Իսկ խնդիրը հեռուն գնացող նենգ նպատակներ ունի և վերաբերում է Հայաստանի Հանրային  հեռուստատեսության՝ Հ1-ի հեռարձակմանը Լոս Անջելեսում: Այստեղ հստակ ծրագիր է իրականացվում Հ1-ի դիտողականությունը հնարավորինս սահմանափակելու ուղղությամբ: Ըստ հանրային հեռուստառադիոյի խորհրդի նախագահ Արա Շիրինյանի հայտարարության, Լոս Անջելեսում Հ1-ի հեռարձակման իրավունքը տրվել է PanArmenian TV-ին և նրանք, համաձայն առկա պայմանագրի կետերից մեկի, պարտավորվել են հեռարձակել Հ1-ը SPECTRUM կապուղով:

Համապատասխան պայմանագիրը կնքվել է 5 տարի ժամկետով: Մինչդեռ պայմանագրի այդ կետը շատ կարճ ժամանակ անց խախտվել է: Հ1-ը հանվել է SPECTRUM-ից և տեղափոխվել 25.3 վերգետնյա հեռարձակման անտենային կապուղի: Սա նշանակում է, տանը լրացուցիչ անտենա տեղադրել և եթե հաջողվի՝ դիտել այդ ալիքը, ինչը շատ քիչ հավանական է: Մինչդեռ SPECTRUM-ը Մեծ Լոս Անջելես շրջանի ամենահզոր կաբելային հեռարձակողն է, որը ամբողջ շրջանի տարածքում 1 միլիոն 650 հազար տուն է մտնում: Ակնհայտորեն ամեն բան արվում է Լոսանջելեսահայությանը զրկելու ՀՀ հանրային հեռուստաալիքը դիտելու, ասել է թե, պաշտոնական տեղեկատվություն ստանալու  հնարավորությունից: Հավաստիացնում ենք, սա հետևողական, նենգ ու դավադիր քաղաքականության արդյունք է և իրականացվում է թավշյա հեղափոխությամբ ձեռք բերված արժեքները ոչնչացնելու

բացահայտ նպատակով: Ովքե՞ր են իրականացնողները, դժվար չէ կռահել: Անձամբ դուք ԱԺ Ձեր ելույթներից մեկում նշել եք, որ Միքայել Մինասյանը հեռուստաընկերություններ է խլել  իրական տերերից, այդ թվում՝ Armenia TV-ն: Եվ հիմա, երբ Հ1-ը դուրս բերվեց  SPECTRUM-ից, նույն այդ կապուղու նույն ալիքով, օգոստոսի 1-ից սկսվել է Armenia TV-ի հեռարձակումը: Լոսանջելեսահայությունը գիտեր, որ այդ ալիքով հավաստի տեղեկատվություն է ստանում Հայաստանից, իսկ այժմ, սովորության համաձայն դիտելու է այդ ալիքը, բայց կեղծ ու նենգափոխված տեղեկատվությամբ, կամ էլ, առավել տեղեկացված հայությունը չի դիտելու այն, բայց նաև քիչ հավանական է, որ Հ1-ը կկարողանա դիտել իրականում շատ թույլ, անտենային հեռարձակման 25.3 ալիքով: Օրը ցերեկով խաբում են: Մոսկվաբնակ գործարար Արթուր Ջանիբեկյանն է այժմ Երևանի Armenia TV-ի սեփականատերը, իսկ Armenia TV-ին ժամանակին PanArmenian հոլդինգի մի մասն էր, որը  փոխկապակցված է Միքայել Մինասյանի անվան հետ: Լոսանջելեսահայությանը փորձում են հրամցնել հայաստանյան մեդիադաշտը գրաված տերերի կողմից համակարգվող հակապետական տեղեկատվություն, իսկ Հայաստանի պատկան մարմինը լռում է:

Ի դեպ, նշենք նաև, որ մինչ Հ1-ը կհեռացնեին SPECTRUM-ից, Հ1-ի հետ պայմանագրի ԼոսԱնջելեսյան կողմը, հանձինս PanArmenian TV-ի, որն, ի դեպ,  նույնպես, այժմ արդեն լուծարված PanArmenian հոլդինգի մի մասն էր, կեղծ տեղեկատվություն էր տարածում այն մասին, թե 25.3 ալիքը առավել մեծ դիտողականություն ունի քան նախկինը: Այս ամենի նպատակն ավելի քան պարզ է: Հ1-ը վերջապես դարձել է ՀՀ-ում իրականացվող պետական քաղաքականության հավաստի խոսափողը, ինչը չեն հանդուրժում վերը նշված խաղը խաղացող  ուժերը և հնարավորինս նվազեցնում են Հ1-ի դիտողականությունը: Բավական չէ, որ մեզ, մեր հարազատներին, Հայաստանի բնակչությանն ու երկիրը թալանած միջոցներով Հայաստանում ապատեղեկատվություն են տարածում, հիմա էլ ձեռքերը հասել են Միացյալ նահանգներ: Պարզից էլ պարզ է, թե ինչ են անում: Սա կոչվում է նենգ միջոցներով, Հ1-ը թուլացնելու և որակազրկելու միջոցով, սփյուռքահայության ապակողմնորոշում:

Մեծարգո պարոն վարչապետ, վստահ ենք, տեղյակ եք Armenia TV-ի քարոզչամեքենայի բուն նպատակին և քանի որ ստացվում է, որ առանց դժվարության կարողանում են խաբել Հանրային

Հեռուստառադիոխորհրդին, ստիպված ենք դիմել Ձեզ, հույսով, որ կարևոր այս խնդրին պատշաճ լուծում կտրվի:

Հարգանքով՝

հայրենիքում հաղթանակների պահպանությամբ շահագրգիռ ԱՄՆ հայ քաղաքացիներ՝ սփյուռքահայեր:

Նյութը՝ civilnet.am-ի



loading...