Լիբանանն օգնության համար դիմել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը և Քաթարին


Լիբանանն օգնության համար դիմել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը և Քաթարին
Օգոստոս 5 01:02 2020

Լիբանանի առողջապահության նախարարությունը դիմել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը և Քաթարին՝ Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած հզոր պայթյունից տուժածներին բժշկական օգնություն հասցնելու խնդրանքով: Այդ մասին լիբանանյան MTV հեռուստաալիքին հայտնել է երկրի առողջապահության նախարար Համադ Հասանը, հաղորդում է РИА Новости-ն:

«Մենք կապ ենք հաստատել Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ՝ օգնությամբ բեռնված օդանավ ուղարկելու համար, իսկ Քաթարին խնդրել ենք ապահովել դաշտային հիվանդանոցների աշխատանքը»,-հայտնել է նախարարը:

Ավելի վաղ Քաթարի էմիրի աշխատակազմը տեղեկացրել է, որ Թամիմ բեն Համադ Ալ Թանին իր ցավակցությունն է հայտնել լիբանանյան ղեկավարությանը և Լիբանանին, ինչպես նաև՝ հրահանգել  «շտապ օգնություն» ցուցաբերել պայթյունից տուժածներին:

Հիշեցնենք, որ հզոր պայթյուն է տեղի ունեցել Լիբանանի մայրաքաղաքի ծովային նավահանգստում՝ ռազմածովային ուժերի բազայի հարևանությամբ: Երկրի առողջապահության նախարարության վերջին տվյալներով՝ տուժել է ավելի քան 2500 մարդ, զոհվերի թիվն անցնում է 50-ը: Բեյրութի նահանգապետը հայտնել է, որ մայրաքաղաքի շինությունների շուրջ կեսը վնասվել է, իսկ քաղաքի հիվանդանոցները լեփ-լեցուն են վիրավորներով:

Ավելի ուշ Լիբանանի ՆԳ նախարար Մուհամմեդ Ֆահմին հայտնել է, որ Բեյրութի նավահանգստում պայթյունավտանգ ամոնիումի նիտրատ (ամոնիումային սելիտրա) է բռնկվել: