Արմավիրի ոստիկանները բացահայտել են Ջանֆիդա գյուղում տեղի ունեցած դանակահարությունը


Արմավիրի ոստիկանները բացահայտել են Ջանֆիդա գյուղում տեղի ունեցած դանակահարությունը
Օգոստոս 5 00:38 2020

Արմավիրի ոստիկանները բացահայտել են 2 օր առաջ Ջանֆիդա գյուղում տեղի ունեցած դանակահարությունը։ Ըստ ոստիկանության լրատվական ծառայության հաղորդագրության՝ օգոստոսի 2-ին, ժամը 23.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժին հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի և կողերի կտրած-ծակած վերքերով Ջանֆիդա գյուղի մի բնակիչ դիմել է բուժօգնության:

Տուժողն, ըստ հաղորդագրության,  թաքցրել էր դեպքի իրական հանգամանքները. բժիշկներին հայտնել էր, թե վերքերը տանն է ստացել՝ անփութության հետևանքով:

«Սակայն վնասվածքի բնույթն այլ բան էր հուշում, և նրա հայտարարությունը ոստիկաններին հավատ չի ներշնչել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Քրեական հետախույզները բացահայտման ուղղությամբ անհետաձգելի միջոցառումներ են ձեռնարկել: Հաղորդումից ժամեր անց պարզվել է, որ ժամը 22.30-ի սահմաններում Ջանֆիդա գյուղի տներից մեկի մոտ, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ, տուժողին դանակահարել է 54-ամյա համագյուղացին: Իրավապահների բացատրական աշխատանքի շնորհիվ կասկածյալը ներկայացել է ոստիկանության Արմավիրի բաժին` իր հետ բերելով դանակը: Հանգամանքները պարզվում են, փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր», նշված է ոստիկանության լրատվական ծառայության հաղորդագրությունում: