Մաշտոցի պուրակի ապագան. Հայկ Մարությանի կարծիքը՝ նախկինում և հիմա (տեսանյութ)


Մաշտոցի պուրակի ապագան. Հայկ Մարությանի կարծիքը՝ նախկինում և հիմա (տեսանյութ)
Օգոստոս 4 16:01 2020

Իշխանությունները չպետք է թույլ տան, որ քաղաքացիական պայքարի համար սիմվոլիկ նշանակություն ունեցող Երևանի Մաշտոցի պուրակում սրճարան կառուցեն։ Մի քանի օր է, հենց այս կարգախոսն է շրջանառվում սոցիալական ցանցերում տարբեր հասարակական ու քաղաքական գործիչների, ակտիվիստների ու բնապահպանների կողմից։ Երեւանի կենտրոնում՝ Մաշտոցի պուրակում հատվել են ծառեր, տեղադրվել՝ բետոնե կոնստրուկցիաներ։ Աղկումկն հենց այստեղից սկսվեց։

 

Օգտատերերը հիշել էին 2012 թվականին պուրակի փրկության համար ծավալված քաղաքացիական շարժումը, որի շարքերում՝ այգու տարածքում սրճարանի կառուցման դեմ այն ժամանակ պայքարում էին ներկայիս իշխանության բազմաթիվ ներկայացուցիչներ, ներառյալ Երևանի այժմյան քաղաքապետ Հայկ Մարությանը։ Ներկայացնում ենք նաեւ արխիվային տեսանյութ, թե ինչպիսի դիրքորոշում ուներ այն ժամանակ քաղաքապետի պաշտոնը չզբաղեցնող Հայկ Մարությանը։

 

Մի քանի օր է հասարակության պահանջն ուղղված էր Երեւանի քաղաքապետին։ Ինչու՞ է լռում Հայկ Մարությանը։ Քաղաքապետը խոսեց, հրավիրվեց մամլո ասուլիս։ Նախ հիշեցրեց՝ քաղաքապետ դարձած օրվանից իր կողմից ամեն քայլ ուղղված է եղել քաղաքը ազատելու տարբեր տիպի անօրինական շինարարություններից և ավելի կանաչ դարձնելու։ Մարությանը նշեց, որ այս իրավիճակն իրենց ժառանգություն է տրվել, առկա օրենքների շրջանակներում փորձում են խնդիրները լուծել։ Հիմա էլ է պայքարում Մաշտոցի պուրակի համար, բայց ոչ իհարկե նույն եղանակով։

Քաղաքապետ Հայկ Մարությանի ընտրվելուց հետո աննախադեպ ծավալներով ավելացել են կանաչապատ տարածքները, ավելացել են նաև նոր ոռոգման ցանց ունեցող տարածքները. դրանք տարվա վերջում կլինեն հարյուրավոր հեկտարներ: Այս մասին Մաշտոցի պուրակի ծառերի հատման վերաբերյալ ասուլիսին հայտարարեց Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ավետ Պողոսյանը: Ըստ Կենտրոնի թաղապետի՝ նորանկախ Հայաստանի պատմության ընթացքում նման ծավալի կանաչապատում և նման ծավալի ոռոգման համակարգերի ներդրում Երևանում չի եղել, իսկ տարեվերջին նշվածի թվային պատկերը կլինի:

Շարունակելով թեման Երեւանի քաղաքապետն էլ ասաց, որ Մաշտոցի պուրակում հատված ծառերը կենսունակ չէին։ Մասնագիտական եզրակացություն է տրվել, բոլորն իրենց ստորագրությունը դրել են, որ, այո, այդ ծառերը փոխարինման ենթակա են, այսինքն՝ կարող են փոխարինվել, որն ավելի օգուտ կտա և այդ պուրակին, և բնապահպանությանը։ Հայկ Մարությանը հավելեց, որ չի եկել քաղաքապետարան հանգիստ ապրելու, փորձում է խնդիրները լուծել։ Ավելին՝ հանգիստ ապրում էր մինչև այստեղ գալը։

 

Շատ հաճախ շինթույլտվություն ունեցող կազմակերպությունները սկսում են շեղվել իրենց տված շինթույլտվությունից, նույնը տեղի է ունեցել Մաշտոցի պուրակի կառուցապատողի հետ, նշեց Մարությանը, հավելելով, որ պուրակում շինաշխատանքները դադարեցված են. կարող է շինթույլտվության չեղարկում լինել։