108 տարի առաջ` օգոստոսի 4-ին, առաջին անգամ բեմադրվեց հայկական առաջին օպերան


108 տարի առաջ` օգոստոսի 4-ին, առաջին անգամ բեմադրվեց հայկական առաջին օպերան
Օգոստոս 4 12:20 2020
108 տարի առաջ՝ օգոստոսի 4-ին առաջին անգամ բեմադրվեց հայկական առաջին օպերան։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնում է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը։
 
Նկարում՝ Արմեն Տիգրանյանը «Անուշ » օպերայի մասնակիցների հետ, 1912թ․
 
«Անուշ» օպերայի պրեմիերան կայացավ 1912 թվականի օգոստոսի 4-ին՝ Ալեքսանդրապոլում: Սարոյի դերակատարն էր Շարա Տալյանը, իսկ Անուշին մարմնավորում էր Աստղիկ Մարիկյանը: Քաղաքի համերգային դահլիճը լեփլեցուն էր: Նրանք, ում չէր հաջողվել դահլիճ մտնել, օպերան լսում էին բաց պատուհանների մոտ կանգնած: Այդ տարիներին գրեթե միջոցներ չկային պատշաճ բեմադրություն ստեղծելու համար: Վատն էր ակուստիկան, 12 երաժշտից բաղկացած փոքրիկ նվագախումբ էր, հագուստն ու դեկորացիան խիստ համեստ էին: Նվագախումբի երաժիշտները շատ երիտասարդ էին, որոնք թեկուզ լավ էին կատարում, բայց չունեին համապատասխան մասնագիտական հմտություններ: Եվ չնայած այս բոլոր բացթողումներին, հանդիսատեսը կարողացավ զգալ օպերայի ուժն ու շքեղությունը:
Ներկայացումից հետո մարդկանց բազմությունը ջահերով դուրս եկավ փողոց: Նրանք օպերայից հատվածներ էին երգում և այնքան սրտանց էին կատարում, որ արտացոլվում էր Թումանյանի հերոսների բնավորությունն ու Լոռվա բնությունը: Հենց այդ ժամանակ պարզ դարձավ, որ «Անուշ» օպերան մեծ ապագա կունենա: Ալեքսանդրապոլում օպերան բեմադրվեց ևս մի քանի անգամ, իսկ հետո սկսվեց նրա հաղթական արշավն այլ քաղաքներով: