ՄԻՊ-ը բուհերի ընդունելությանն առնչվող հարցերով ստացել է 55 կոլեկտիվ և 49 անհատական դիմում-բողոք


ՄԻՊ-ը բուհերի ընդունելությանն առնչվող հարցերով ստացել է 55 կոլեկտիվ և 49 անհատական դիմում-բողոք
Օգոստոս 4 11:43 2020
Մարդու իրավունքների պաշտպանը հուլիսի 21-ից մինչև հուլիսի 31-ն ընկած ժամանակահատվածում բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելությանն առնչվող հարցերով ստացել է թվով 55 անձից կոլեկտիվ և 49 անհատական դիմում-բողոք:
Պաշտպանի աշխատակազմն իրականացրել է նաև դիմորդների և նրանց ծնողների բողոքների ակցիաների մշտադիտարկում: Պաշտպանը հանդիպում է ունեցել մի խումբ դիմորդների և նրանց ծնողների հետ, քննարկել նրանց մտահոգությունները:
 
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում տեղի են ունեցել նաև մասնագիտական քննարկումներ, որոնց արդյունքում մի շարք գրություններ են հասցեագրվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:
 
🔍Ուսումնասիրելով բողոքների բովանդակությունը և ՀՀ վերաբերելի օրենսդրությունը, ինչպես նաև առաջնորդվելով «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքով՝ Մարդու իրավունքների պաշտպանը ձեռնպահ է մնում այնպիսի հարցերի մասին գնահատական տալուց, որոնք չեն առնչվում Պաշտպանի իրավասությանը կամ արդեն իսկ դիմողների կողմից ներկայացված են դատարանի քննարկմանը:
 
Կրթական համակարգի կազմակերպման և իրագործման, այդ ուղղությամբ անհրաժեշտ միջոցների ընտրության հարցում միջազգային պահանջները պետություններին վերապահում են հայեցողության լայն շրջանակ: Մարդու իրավունքների պաշտպանը քննարկման առարկա է դարձրել այն, թե արդյոք գործադրված նոր կարգի պայմաններում պետությունը հաշվի է առել բոլոր այն գործոնները, որոնք կարող էին բացասական ազդեցություն ունենալ դիմորդների կրթության իրավունքի վրա և արդյոք պետությունը ձեռնարկել է բավարար միջոցներ, որոնք կարող էին չեզոքացնել այդ գործոնների բացասական ազդեցությունը:


loading...