Բնակիչներն ունենալու են ավելի լավ տներ, քան մինչ հրետակոծությունները․ Տավուշի մարզպետ (տեսանյութ)


Բնակիչներն ունենալու են ավելի լավ տներ, քան մինչ հրետակոծությունները․ Տավուշի մարզպետ (տեսանյութ)
Օգոստոս 3 23:35 2020

Մեր գյուղերից առնվազ չորսը գտնվում էին խիստ հրետակոծության մեջ՝ Չինարի, Մովսես, Այգեպար և Ներքին Կարմիրաղբյուր գյուղերը, բայց այդ ընթացքում եղավ աննախադեպ իրավիճակ 1994 թվականից սկսած և հրետակոծվեց նաև Բերդ քաղաքը։ Այս մասին Տավուշ ՀԸ-ի եթերում, պատասխանելով քաղաքացիների հարցերին, ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը՝ անդրադառնալով հուլիսյան դեպքերին, որը նա նշեց, որ կարելի է անվանել հուլիսյան պատերազմ։

Այս ամենից մարզպետը  մի քանի արձանագրում արեց և առաջին արձանագրումը Հայոց բանակի պրոֆեսիոնալ և հերոսական վարքագիծն էր, որով հպարտ ենք։ «Մենք ոգևորված ենք այն առումով, որ վերջին տարիներին Զինված ուժերում իրականացվող բարեփոխումները և ներդրումները իսկապես իրենց իրական արդյունքը ունեցան մարտական գործողությունների ժամանակ։

Հաջորդ արձանագրումը մեր ժողովրդի անվտանգության մշակույթն է։ Մեր բնակավայրերի վրա շուրջ  150 արկեր են պայթել և մենք մեկ վիրավոր ենք ունեցել և սա խոսում է մեր ժողովրդի անվտանգային բարձր մշակույթի մասին, քաղպաշտպանության համակարգի գոյության մասին»,-ասաց նա և նշեց, որ սա մարտահրավեր է և զգոնություն, որ մեր անվտանգային մշակույթը մեծացնենք։

«Այս հրետակոծոթյունների ընթացքում Տավուշում վնասվել են մոտ հարյուր շինություններ, ենթակառուցվածքներ, որոնց վերանորոգումը սկսվել է անմիջապես հրետակոծություններից հետո, առաջնահերթ վերականգնվել են ենթակառուցվածքները՝ գազամատակարարումը, ջրամատակարարումը, էլեկտրամատակաարումը»,-ասաց նա և շնորհակալություն հայտնեց այն մարդկանց, ովքեր կրակի տակ վերականգնում էին։

Մարզպետը նաև աննախադեպ համարեց բնակիչների տների վերականգնումը, որը սկսվել է հրետակոծությունից մի քանի օր հետո, մեծ թափով առաջ է գնում և հնարավոր սեղմ ժամկետներում ավարտելու են։ «Բնակչները ունենալու են ավելի լավ բնակարաններ՝ տներ, քան մինչ հրետակոծությունները»,-ասաց նա և հայտնեց, որ նոր ապաստարանների կառուցման ծրագիր են կազմել և այս օրերին այդ ուղղությամբ աշխատանքները մեծացել են։ Նա շնորհակալություն հայտնեց հայրենակիցներին՝  հանգանակություններին համար և ասաց, որ աշխատում են նաև անհատական ապաստարաններ ունենալու ուղղությամբ։

Անդրադառնալով կորոնավիրուսի վարակի տարածմանը, Հայկ Չոբանյանն ասաց, որ վարակի դեպքեր անընդհատ լինում են, բայց դեպքերի թիվը բարեբախտաբար ցածր է և էական բարձրացում չեն նկատել։

Մանրամասները՝ տեսանյութում

 



loading...