«Սուրբ Սոֆիան Թուրքիայի սեփականությունն է». Թուրքիայի ԱԳՆ-ի պատասխանը ԵՄ-ին


«Սուրբ Սոֆիան Թուրքիայի սեփականությունն է». Թուրքիայի ԱԳՆ-ի պատասխանը ԵՄ-ին
Հուլիս 14 11:14 2020

Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակի փոփոխության որոշումը Թուրքիայի ինքնիշխան իրավունքն է, և ոչ ոք չի կարող միջամտել այդ հարցին, հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ մամուլի քարտուղար Համի Աքսոյը՝ ի պատասխան եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի հայտարարության, գրում է aa.com.tr-ը։

Բորելի խոսքով՝ Եվրամիության անդամ երկրների ԱԳ նախարարները երկուշաբթի Բրյուսելում կայացած նիստում միաձայն որոշել են կոչ անել Թուրքիային չեղարկել Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարում նամազների անցկացման մասին որոշումը:

«Մեկ անգամ ևս ընդգծում ենք, որ Սուրբ Սոֆիան Թուրքիայի սեփականությունն է, և նրա վերաբերյալ ցանկացած նախագիծ, ներառյալ՝ կարգավիճակի փոփոխությունը, վերաբերում է հանրապետության ինքնիշխանությանը»,- ասվում է Աքսոյի հայտարարության մեջ։

Նրա խոսքով՝ իր նոր կարգավիճակի շնորհիվ Սուրբ Սոֆիայի դռները բաց կլինեն բոլոր կրոնների ներկայացուցիչների համար։

«Բոլոր ցանկացողները կարող են այցելել այդ հրաշալի վայր։ Բացի այդ, Սուրբ Սոֆիայի ներսում աշխատանքները չեն վնասի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում պահպանվելու համար չափանիշներին»,- նշել է Աքսոյը։

Հիշեցնենք, որ Թուրքիայի պետական խորհուրդը (բարձրագույն վարչական դատարան) նախորդ շաբաթ չեղյալ է հայտարարել Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը թանգարան դարձնելու մասին 1934 թվականի որոշումը: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դրանից հետո հրամանագիր է ստորագրել տաճարը մզկիթի վերածելու մասին։

Սուրբ Սոֆիայի տաճարը բյուզանդական ճարտարապետության հուշակոթող է: Այն կառուցվել է 532-537թթ․՝ Հուստինիանոս կայսեր կողմից, որը որոշել էր այս տաճարով հավերժացնել Կոստանդնուպոլսի փառքը:

1453թ․ Բյուզանդական կայսրության անկումից հետո տաճարը վերածվել է մզկիթի: 1935թ․ Թուրքիայի կառավարության որոշմամբ, որը ստորագրվել է ժամանակակից թուրքական պետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքի կողմից, տաճարը դարձել է թանգարան, կառույցի պատերը մաքրվել են որմնանկարներից և խճանկարներից: 1985թ․ տաճարն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում:



loading...