«Սառույցին գրված» խոստումներ. ինչպես ձախողվեց աշխատանքը սփյուռքի հետ


«Սառույցին գրված» խոստումներ. ինչպես ձախողվեց աշխատանքը սփյուռքի հետ
Հուլիս 11 17:24 2020

Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո նոր իշխանությունները անչափ կարևորում էին սփյուռքի հետ հարաբերությունների զարգացումը: Ինչպես հիշում ենք, Սփյուռքի նախարար էլ նշանակվեց Մխիթար Հայրապետյանը, վերջինս էլ, շատ երկար ժամանակ չանցած, «կայսերական» ծրագրեր ներկայացրեց՝ հայրենադարձությունից մինչև սփյուռքից Հայաստան ժամանած հայրենակիցների համար նախատեսված օժանդակության տարատեսակ ծրագրեր: Թե թավշյա հեղափոխությունից հետո քանի՞ հոգի է ճամպրուկները կապել ու վերադարձել Հայաստան, Սփյուռքի նախարարությունում թվային տվյալներ ասել Հայրապետյանի օրոք այդպես էլ չկարողացան։

Տեսնելով, որ սահմանին հայրենիք վերադառնալու համար հերթեր չեն գոյանում, Հայրապետյանը փոքր -ինչ խմբագրեց իր կայսերական ծրագրերը՝ հայտարարելով, որ այս փուլում սփյուռքահայերին երկու հարց է հուզում․ մեկը օրինականության հաստատումը, մյուսը՝ աշխատատեղերի ստեղծումը։ Իսկ քանի որ այն ժամանակ ո´չ առաջինը կար, ո´չ էլ երկրորդը, ըստ էության, մեզ առաջարկում էին սպասել: Հայրենադարձությանը չօգնեց նաև համապատասխան օրենքի նախագծի մշակումը: Հայրապետյանը պնդում էր, որ Արմեն Աշոտյանի նախաձեռնությամբ «սփյուռքը» տարվել էր արտաքին քաղաքականության բլոկ, ինքն էլ հետ է բերել: Թե ուր՝ իմացավ, թերևս, միայն Հայրապետյանը: 

Թերևս հասկանալով, որ Հայրապետյանի տված և ոչ մի խոստում իրատեսական չէ, չկա որևէ ռեալ շարժ Հայաստան-Սփյուռք փոխհարաբերություններում՝ իշխանությունները որոշեցին ռեբրենդինգի ենթարկել Սփյուռքի նախարարությունը: Այժմ մենք ունենք Սփյուքի գործերով գլխավոր հանձնակատարի գրասենյակ, որը ղեկավարում է Զարեհ Սինանյանը: Սինանյանը խոստումներ շռայլելու հարցում ոչնչով չզիջեց իր նախորդին: Միևնույն ժամանակ էլ հայտարարեց, որ գնալով արտերկիր ու այցելելով սփյուռքի համայնքներ՝ հայրենադարձություն խթանելը իրենց համար առաջնային խնդիր չեն դնում: Այդ դեպքում անչափ հետաքրքիր է, թե ո՞րն է Սփյուռքի հանձնակատարի գլխավոր խնդիրը և ինչպե՞ս է պատրաստվում զարկ տալ Հայաստան-Սփյուռք հարաբերություններին:

Սինանյանը, պաշտոնը ստանձնելիս, խոսում էր նորանոր ծրագրերի անհրաժեշտության մասին․ ինչպես տեսնում ենք՝ այդ ծրագրերը դեռ մշակվում են: Հանձնակատարի գրասենյակում այս ընթացքում օպերատիվ իրականացվել է միայն պարգևատրման «սուրբ» գործընթացը: Սինանյանը խոսում էր Սփյուռքի ներուժը համախմբելու և հայկական լոբբիի ուժեղացման անհրաժեշտության մասին, սակայն, գրեթե յուրաքանչյուր ամիս, տարբեր միջազգային կառույցներում, հարթակներում, մենք ականատես ենք լինում հակահայկական դրսևորումների, նախագծերի անցկացման, հայտարարությունների: Թերևս հենց այսպես է պատկերացնում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը հայկական լոբբիին օժանդակելը․ նախընտրում է չխառնվել, եղունգ ունեն՝ թող գլուխները քորեն:

Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում Սինանյանը հայտարարել էր, որ ստեղծվելու է համահայկական խորհրդատվական մարմին, որով սփյուռքը ներկայացված կդառնա Հայաստանում: Այդ մարմնի ստեղծման աշխատանքների մասին նույնպես որևէ տեղեկություն մինչ օրս չկա: Ավելին, թեև Սինանյանը խոստանում էր անել հնարավոր ամեն բան, որպեսզի սփյուռքը նպատակային ֆինանսական օժանդակություն ցուցաբերի Հայաստանին, նախորդ տարի տեղի ունեցած Հայաստան Համահայկական մարաթոնի հավաքած հանգանակությունների թիվը խոսում է այն մասին, որ Սինանյանի այս մի խոստումն էլ գրվել է սառույցին: 

Ինչպես տեսնում ենք՝ թե´ Սփյուռքի նախկին նախարարը, թե´ Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարը չեն արել գեթ մեկ գործնական քայլ, չեն իրագործել գեթ մեկ ռեալ պրոյեկտ, որը իրապես կխթաներ Հայաստան-Սփյուռք հարաբերությունները, և բավարարվել են միայն խոստումներ շռայլելով և այնուհետև, դրանք զանազան պատճառաբանություններով ջրելով ու ցրելով… 

Նյութի աղբյուր՝ Lurer.com