Միակ հավիտենական ազգային արժեքը Հայ Առաքելական եկեղեցին է․ Հայր Ասողիկը՝ վարչապետի հայտարարության մասին


Միակ հավիտենական ազգային արժեքը Հայ Առաքելական եկեղեցին է․ Հայր Ասողիկը՝ վարչապետի հայտարարության մասին
Հուլիս 11 19:28 2020

Օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ ուղերձով, և, որպես ազգային արժեք, Հայ առաքելական սուրբ եկեղեցու հետ միասին թվարկեց նաև Հայ Կաթողիկե եկեղեցին, Հայ Ավետարանչական եկեղեցին։

Վերոնշյալ հայտարարության հետ կապված ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արխիվի և թանգարանների տնօրեն Հայր Ասողիկ աբեղա Կարապետյանի հետ։

Հայր Ասողիկը կարևորեց, որ միեղեն է հավատքի և հոգևոր կյանքի ազգային արժեքը․«Հայաստանի և աշխարհասփյուռ հայ ազգի ազգային հավատքի և հոգևոր կյանքի անդաստանում միակ, բացառիկ և հավիտենական ազգային արժեքը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին է՝ իր համազգային հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնով»,-նշեց քահանան։

«Մնացյալ բոլոր կրոնական կազմակերպությունները, տարբեր պատմական ժամանակներում ու իրավիճակներում, օտար, հոգեորս միսիոներների խաբեբայությունների, մոլորությունների և բռնությունների հետևանք են: Հայոց Եկեղեցին մայրն է բոլոր հայորդյաց, և նա առաքելություն ունի նաև մոլորված բարեմիտ ամեն մի հայի վերադարձնելու իր հարազատ գիրկը: Քրիստոնեությունը հայ իրականության մեջ իր ողջ ճշմարտությամբ, լուսավորությամբ և զորությամբ բացվում, հաստատվում, ծաղկում ու պտղավորվում է միմիայն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու միջոցով»,-ընդգծեց Հայր Ասողիկը։

Նրա խոսքով՝ Հայոց հարատևության, ինքնիշխանության և պետականության հիմնասյուններից մեկը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին է․ «Այս համոզմամբ ենք ծնրադրել սուրբ Էջմիածնի հինավուրց, աստվածակերտ Մայր Տաճարի Սբ Սեղանի առջև՝ ուխտ կնքելով Աստծո, Եկեղեցու, Ազգի և Հայրենիքի հետ: Հայ հոգևորականն իր ուխտի համար միշտ պատրաստ է իր կյանքը դնելու, զի «մահ ոչ իմացեալ՝ մահ է, մահ իմացեալ՝ անմահութիւն է»»,-եզրափակեց քահանան։



loading...