Շոկոլադի համաշխարհային օր


Շոկոլադի համաշխարհային օր
Հուլիս 11 09:16 2020

Ամեն տարի հուլիսի 11-ին քաղցրավենիքի սիրահարները նշում են Շոկոլադի համաշխարհային օրը (World Chocolate Day): Այս համեղ տոնը հորինել եւ առաջին անգամ անցկացրել են ֆրանսիացիները՝ 1995 թվականին:

Համարվում է, որ առաջինը ացտեկներն են սովորել շոկոլադ պատրաստել։ Նրանք այն անվանում էին «աստվածների սնունդ»: Իսպանացի նվաճողները, որոնք առաջին անգամ բերել են այն Եվրոպա, քաղցրավենիքը «սեւ ոսկի» են անվանել եւ այն օգտագործել են ֆիզիկական ուժն ու դիմացկունությունը ամրապնդելու համար:

Որոշ ժամանակ անց Եվրոպայում շոկոլադի օգտագործումը սահմանափակվել է միայն արիստոկրատական շրջանակներով: Միայն 20-րդ դարի սկզբին արդյունաբերական արտադրության հետ շոկոլադը կարողացել են վայելել նաեւ արիստոկրատիային չպատկանող մարդիկ։

Շոկոլադի օրը տարբեր երկրներում անցկացվում են փառատոներ եւ այս քաղցր տոնին նվիրված այլ միջոցառումներ: Հատկապես հետաքրքիր է այդ օրը այցելել գործարաններ, կամ հրուշակեղենի ձեռնարկություններ, որոնք արտադրում են շոկոլադեղեն: Այստեղ է, որ բոլոր ցանկացողներին պատմում են, թե ինչպես եւ ինչից է շոկոլադը պատրաստվում, անցկացվում են տարբեր մրցույթներ եւ համտեսումներ, շոկոլադե արտադրանքների ցուցահանդեսներ եւ նույնիսկ վարպետաց դասեր, որտեղ կարող եք փորձել ձեզ շոկոլադ պատրաստողի դերում։