2 միլիոն դրամից ավելի գործիքների գողություն ավտոտնակից․ Մալաթիայի ոստիկանների բացահայտումը (տեսանյութ)


2 միլիոն դրամից ավելի գործիքների գողություն ավտոտնակից․ Մալաթիայի ոստիկանների բացահայտումը (տեսանյութ)
Հուլիս 10 20:30 2020

Մայիսի 25-ին ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ գիշերը բացել են Տիչինայի փողոցի իր ավտոտնակի դռան փականը ու գողացել աշխատանքային գործիքներ։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները դեպքի վայրում իրականացրին անհրաժեշտ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ։ Ոստիկանները արձանագրեցին, որ, ըստ նախնական հաշվարկի, տուժողին պատճառվել էր 2 միլիոն դրամից ավելի վնաս։

Մայիսի 29-ին ոստիկանները, գողությունը կատարելու կասկածանքով, ոստիկանություն բերման ենթարկեցին Երևանի 51-ամյա մի բնակչի։

Ոստիկանները կասկածներ ունեին, որ 51-ամյա տղամարդը մենակ չէր գործել։ Շարունակելով հանցագործության բացահայտման աշխատանքները՝ ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները հուլիսի 6-ին բերման ենթարկեցին Երևանի երեք բնակչի։ Նրանք խոստովանել են, որ մայիսի 29-ին բերման ենթարկված 51-ամյա տղամարդու հետ մայիսի լույս 25-ի գիշերը ավտոտնակից գողություն են արել։

Գողոնի մի մասը հայտնաբերվել է։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Կատարվում է նախաքննություն։