ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը շարունակաբար վիրավորում է լրագրողներին


ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը շարունակաբար վիրավորում է լրագրողներին
Հուլիս 10 19:52 2020

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը Aravot.am-ի հետ զրույցում պարգևավճարների հարցից հունից դուրս է եկել։ ԱԺ փոխխոսնակը վիրավորական արտահայտություններ է թույլ տվել լրագրողների հասցեին՝ կրկին մեղադրելով լրատվականներին ծրարով գումար ստանալու մեջ։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունն անընդունելի է համարում լրատվականների դեմ ուղղված նման հարձակումները։ Խոսքի ազատության դեմ անանուն և անհասցե հարձակումները խաթարւմ են իշխանություն֊լրատվություն֊հասարակություն կապը։ Անհասցե մեղադրանքները քանիցս կրկնվում են, որոնք որևէ հիմնավորում չունեն։

Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանն աշխատել է լրատվական դաշտում և հիմա նախկին գործընկերների հասցեին մեղադրանքներ է հնչեցնում։ Փաստացի, ըստ Ալեն Սիմոնյանի, նախկինում էլ է նույն պրակտիկան եղել։ Հորդորում ենք Ալեն Սիմոնյանին չթերագնահատել ԶԼՄ-ներին ու գիտակցել լրագրողների հետ փոխհամագործակցության կարևորությունը։ Մեդիայի դեմ շարունակական հարձակումներով Ալեն Սիմոնյանը հավակնում է ստանալ «Մեդիայի թշնամու» կոչումը։

Ալեն Սիմոնյանին հիշեցնենք, որ խոսքի ազատությունը պաշտպանելն իր սահմանադրական պարտականությունն է, և նա պետք է սատար կանգնի ազատ խոսքին ու մամուլին։