Գյումրիի բոլոր 3 քննական կենտրոններում այսօր անցկացվել են միասնական քննություններ մաթեմատիկա առարկայից


Գյումրիի բոլոր 3 քննական կենտրոններում այսօր անցկացվել են միասնական քննություններ մաթեմատիկա առարկայից
Հուլիս 6 22:57 2020

Այսօր միասնական քննությունների ամենածանրաբեռնված օրն էր: Դիմորդները քննություն են հանձնել մաթեմատիկա առարկայից: Բուհական ընդունելության միայն մեկ քննություն հանձնելու փոփոխությամբ պայմանավորված՝ ամենաշատ դիմորդները մաթեմատիկայից են: Նրանց թիվը հանրապետությունում 5000-ից ավելի է: Տարբեր Բուհերի բազմաթիվ բաժիններում ընտրված միակ քննական առարկան մաթեմատիկան է: Գյումրիում քննություններն անցկացվել են 3 քննական կենտրոններում՝ թիվ 10, 11 և 21 դպրոցներում: Առաջնահերթ ուշադրության կենտրոնում է եղել անվտանգության կանոնների պահպանումը: Յուրաքանչյուր լսարանում դիմորդների թույլատրելի առավելագույն թիվը 40-ն է եղել:

Մաթեմատիկայից քննություն հանձնողներին քննական կենտրոններում դիմավորեցին այդ առարկայի ուղղակի կիրառությամբ՝ հաշվարկել ու գծել էին, որ բակում կանգնած դիմորդների միջև հեռավորությունը 2 մետր լինի, հետո արդեն հերթը ջերմաչափումներին էր, որտեղ կրկին թվերն են որոշիչը:

Ջերմողներ չկային ու ամեն դիմորդ հերթական համարով իր տեղն էր զբաղեցնում լսարանում: Գյումրիի միայն մեկ քննական կենտրոնում 4 լսարան էին կահավորել: Մաթեմատիկա առարկայից քննություն հանձնողներն ամենաշատն են:

«Մաթեմատիկա առարկայի քննություն հանձնելով՝ դիմորդները կարող են ընդունվել շատ ավելի մեծ թվով ԲՈՒՀ-եր և ստանալ մասնագիտություններ: Տնտեսագիտական համալսարանն է, պետհամալսարանի տնտեսագիտության բաժինն է, կիրառական մաթեմատիկան և այլն. մաթեմատիկայով ընդունելությունը շատ է: Դրանով է պայմանավորված, որ մաթեմատիկա առարկան այս տարի շատ են հանձնում: Իսկ հայոց լեզու, հայոց պատմություն առարկաները ցավալիորեն կրճատվել են, որովհետև եթե նախկինում տնտեսագիտականի համար հանձնում էին հայոց լեզու, այս տարի չեն հանձնում, իրավաբանականում ևս չեն հանձնում: Փաստորեն հայոց լեզու այս տարի տալիս են միայն բանասիրական ֆակուլտետի և դրան առնչվող բաժինների դիմորդները: Դրա համար էլ հայոց լեզու հանձնողների թիվը բավականին քիչ է»,- SHANTNEWS-ին ասել է Գյումրիի թիվ 11 դպրոցի քննական կենտրոնի ղեկավար Արմեն Ասրյանը:

Տնտեսագիտական ու պոլիտեխնիկական համալսարանների բոլոր, ինչպես նաև Երևանի պետական համալասարանի կիրառական մաթեմատիկա, ինֆորմատիկա բաժիններում (սա ԲՈԻՀ-երի ու մասնագիտությունների միայն մի մասն է) ընդունվելու համար մաթեմատիկան միակ քննությունն է, ինչը նշանակում է, որ ԲՈՒՀ ընդունվելու հնարավորությունն էլ է միակը:

Դիմորդների ընդունելության համար հաշվի են առնվում ոչ միայն առաջադրանքում առկա խնդիրների ճիշտ պատասխանները, այլև՝ մրցույթը՝ հայտագրած բաժնում և միավորի այն շեմը, որը կբավականացնի ընդունվելու համար: Դրականը կրկին նույն 7 ու կես միավորն է: Բայց ոչ բոլոր դեպքերում է, որ այն բավարար է ուսանող դառնալու համար:

Դիմորդներն արդեն քննություն են հանձնել օտար լեզուներից, աշխարհագրություն, հայոց պատմություն և քիմիա առարկաներից: Միասնական քննությունների վերջին օրը՝ հուլիսի 8-ին է. այդ օրը կստուգվեն դիմորդների գիտելիքները հայոց լեզվից, կենսաբանությունից և ֆիզիկայից: Արդյունքները օնլայն հարթակում, ինչպես նաև քննական կենտրոններում հրապարակվում են 3 օր անց: Իսկ բողոքարկումը տեղի կունենա գնահատականը հրապարակելուց մեկ օր հետո: