Գյումրիում տնակն ամբողջովին այրվել է. ընտանիքը ավտոտնակում է գիշերում


Գյումրիում տնակն ամբողջովին այրվել է. ընտանիքը ավտոտնակում է գիշերում
Հուլիս 5 23:38 2020

Հունիսի 25-ին խոշոր հրդեհի հետեւանքով  Գյումրիում այրվել է  39-ամյա Դիանա Ավետիսյանի տնակը. ընտանիքն այժմ գիշերում է ավտոտնակում: NEWS.am-ի հետ զրույցում կինը պատմեց, որ ինքն աշխատանքի վայրում է եղել, երբ դեպքը տեղի է ունեցել:

«Ռուսական ռազմաբազայում մաքրություն եմ անում, գործ կար կանչել էին, գնացի, մի որոշ ժամանակ անց զանգեցին, թե հետ արի, տնակն այրվում է: Մինչեւ հասա հրշեջները դեպքի վայրում էին, ամեն ինչ այրվել էր, ոչինչ փրկել չհաջողվեց»,- պատմեց նա:

Կնոջ խոսքով` տնակը փայտյա էր եւ ամենայն հավանականությամբ ուժեղ քամուց լարերի բռնկում էր տեղի ունեցել:

«Տնակը մեզ չէր պատկանում, մորաքրոջս տնակն է, իրենք Հայաստանում չեն, դա էլ մի կողմից է անհանգստացնում, գոնե օգնեին ինչ-որ կերպ տնակը վերականգնեինք»,- ասաց նա:

Դիանա Ավետիսյանը նշեց, որ օգնության խնդրանքով դիմել է քաղաքապետարան եւ մարզպետարան, դեռ արձագանք չկա:

39-ամյա կինը բնակվում է 17-ամյա դստեր եւ ամուսնու հետ, որդին էլ բանակում է:

Ընտանիքի հետ կարող եք կապվել հետեւյալ հեռախոսահամարով` 098 64 07 46:



loading...