«Քաղաքական տաքսի». քաղաքական, հասարակական գործիչ Սամվել Ֆարմանյանը հեռուստատեսային նոր հաղորդաշար է սկսել (տեսանյութ)


«Քաղաքական տաքսի». քաղաքական, հասարակական գործիչ Սամվել Ֆարմանյանը հեռուստատեսային նոր հաղորդաշար է սկսել (տեսանյութ)
Հուլիս 5 21:12 2020

Քաղաքական, հասարակական գործիչ Սամվել Ֆարմանյանը «Քաղաքական տաքսի» խորագրով հեռուստատեսային նոր հաղորդաշար է սկսել: Այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում: Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև:

 

«Քանի որ սեփական ավտոմեքենա չունեմ ու ավտոմեքենա վարել երբեք էլ չեմ սիրել, շատ հաճախ երթևեկում եմ տաքսիով: Տաքսիների վարորդների մի մասն էլ դե ինձ ճանաչում է ու ճանապարհին ինչից ասես, որ չենք խոսում` անցյալից ու ներկայից, ապագայից ու մարդկանցից, հերոսներից ու հակահերոսներից, հարկերից, պատմությունից ու օրենքներից, սպորտից ու մեր առօրյա կյանքից, հույսից ու հիասթափությունից... ամեն-ամեն ինչից:

Տաքսու վարորդներն էլ, բոլորս գիտենք` ամենակոլորիտային մարդկանցից են. մեկը` նախկին պաշտոնյա, երկրորդը` նախկին գիտնական, ինժեներ կամ մանկավարժ, երրորդը` ողջ կյանքը ուղևորների հետ անցկացրած փորձառու տաքսիստ, չորրորդը` Ռուսաստանում ժամանակին ունեցած մեծ կարողությունները պատահաբար կորցրած նախկին գործարար: Ու այսպես` մեկը մյուսից հետաքրքիր, տարբեր տարիքի, բացառիկ դեմքեր...

 

Համաձայնեք`երևի ոչ մի տեղ այդքան բազմազան տեղեկություններ չենք ստանում, որքան հենց տաքսիներում (մեկ էլ, երևի, վարսավիրանոցներում): Անգամ ԶԼՄ-ում ու սոցիալական ցանցերում, անգամ մեր օրերում, այդքան բազմազան տեղեկատվություն չկա: Ճիշտ ու սխալ, իրական ու երևակայական, ականջին հաճելի ու ոչ այնքան: Բայց իրական մարդկանց իրական կարծիքներ...

Օրական հարյուրավոր տարբեր ուղևորների հետ շփվող տաքսիստներն էլ սեփական կամքից անկախ դառնում են տեղեկատվության մի յուրահատուկ խառնարան` վերցնում են մեկից, երբեմն էլ ավելացնում սեփականն ու փոխանցում մյուսին:

Ընկերներիցս մեկը ժամանակին անգամ նման մի հետաքրքիր ձևակերպում տվեց, որ հենց տաքսիներում էլ եփվում է մեր հանրային կարծիքն ու քաղաքական կյանքի ռիթմը (գոնե մայրաքաղաքային): Երևի այդպես էլ կա` տաքսիստները մեր ժողովրդի յուրահատուկ ձայնն են, մեր հավաքական կարծիքի անկեղծ ու պարզ բարոմետրը:

Ու հենց տաքսիների մեջ էլ ծնվեց կիսաքաղաքական ու կիսահեռուստատեսային այս նոր նախագծի գաղափարը` «Քաղաքական տաքսի»-ն:

Չգիտեմ, թե որքանով է այն ստացվել կամ ինչքան կյանք կունենա այս նախագիծը: Դե, կան վարորդներ, ովքեր շատ ավելի անկաշկանդ ու կոլորիտային են, խոսում են ժողովրդական հարուստ բառուբանով, երբ չկան տեսախցիկները: Ոմանք էլ, հասկանալիորեն, չեն ուզում երևալ հեռուստատեսությամբ ու դառնալ քննարկման առարկա: Փորձելու ենք գտնել այն տաքսիստներին, ովքեր ունեն ասելիք և ցանկանում են, որ այդ ասելիքը հենց այս կերպ հանրայնացվի: Նախագիծը բաց է բոլոր ցանկացողների համար` անկախ իրենց հայացքներից ու դիրքորոշումներից: Եթե ավելի անկեղծ, ինձ համար շատ ավելի ցանկալի է զրույցն այն վարորդների հետ, ովքեր այսօր դեռ պաշտպանում են գործող իշխանություններին` իրենց «ճամփա փակած» մեքենաներով: Միայն ուրախ կլինեմ, եթե գտնվեն նաև նման վարորդներ ու նախագծին մասնակցելու համար զանգահարեն 041708838 հեռախոսահամարով ու գրանցվեն: Շնորհակալ կլինեմ այս հարցում ընկերներիս ցուցաբերված որևէ աջակցության համար:

Մյուս կարևոր հանգամանքը, թե ինչու «Քաղաքական տաքսի» ու ինչու հենց հիմա: Իմ տպավորությամբ նախ տաքսին մեր կյանքում այսօր ամենաքաղաքականացված միջավայրն է: Մյուս կողմից, արտակարգ դրության պայմաններում, գիտենք, արգելված են հավաքներն ու զանգվածային այլ միջոցառումները: Սոցիալական ցանցերն ու լրատվամիջոցներն էլ հաճախ արտապատկերում են իրականության միայն աղճատված կամ ռադիկալ գույները: Տաքսիներում այդպես չէ. այստեղ կան մեր իրական կյանքի ու կարծիքների գրեթե բոլոր գույները: Այստեղ իրական ժողովուրդն է` սեփական քրտինքով միջինից մի քիչ էլ պակաս եկամուտ վաստակող ու օրնիբուն տանջվող, երազկոտ ու ամեն ինչի մասին սեփական ճշմարտությունն ունեցող մեր հայրենակիցը: Տաքսիստներն, իսկապես, մեր ժողովրդի ձայնն են:

Ու այս նախագծով ես ցանկացել եմ հեռուստատեսային եթեր ու լրատվադաշտ բերել հենց ժողովրդի ձայնը: Այն ձայնը, որի մասին երեկ ու այսօր չեն խոսում միայն շատ ծույլերը: Այն ձայնը, որի աջակցությամբ այդքան հպարտանում են քաղաքական շատ գործիչներ: Այն ձայնը, որի անունից հազար ու մի օրենք է ընդունվում, հազար ու մի սրիկայություն գործվում, հազար ու մի պահանջներ առաջ քաշվում: Այն ձայնը, որի լսելի կամ ոչ լսելի լինելը հաճախ պայմանավորված է հասցեատիրոջ համար այդ ձայնի հաճո լինել-չլինելուց:

Ինչևէ, նախագիծն արդեն եթերում է: Ավելորդ ծախսերից խուսափելու համար նախագիծը ստացել է համեստ լուծումներ: Մտածել եմ, որ կարևորը նախագծի ձևաչափն է ու դրա իրական բովանդակությունը: Արդյունքում` ստացվել է այն, ինչ ստացվել է: Կհավանե՞ն հեռուստադիտողներն ու հենց իրենք` այս նախագծի իրական հերոսները` տաքսիստները, այն կունենա երկար կյանք»,- գրել է Ֆարմանյանը:

 

 



loading...