Ես ունեմ ժամանակ՝ հետևելու բոլոր քաղաքական գործիչների գործունեութանը և գնահատական տալու, և միշտ ունենալու եմ. Արսեն Թորոսյան


Ես ունեմ ժամանակ՝ հետևելու բոլոր քաղաքական գործիչների գործունեութանը և գնահատական տալու, և միշտ ունենալու եմ. Արսեն Թորոսյան
Հուլիս 3 15:16 2020

ՀՀ-ում բոլոր կորոնավիրուսային հիվանդություն ունեցող քաղաքացիները ստանում են պատշաճ բուժօգնություն, ինչը մեզնից շատ զարգացած երկրներում տեղի չի ունեցել, և այդ առումով Կառավարության ջանքերն ավելի քան ողջամիտ և տեղին են: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Ինչ վերաբերում է թվերին, որոնք չեն իջնում, Թորոսյանն ասաց, թե դա կախված է ոչ միայն Կառավարության քայլերից, այլև քաղաքացիների վարքագծից:

«Մենք առնվազն պայթյունավտանգ իրավիճակ չունենք, ինչ-որ չափով կարողանում ենք զսպել տարածումը: Բոլոր կանխատեսումներով մենք հիմա պետք է ունենայինք 30 000-ից ավելի վարակակիր, բայց ունենք 27 000: Մենք ինչ-որ չափով կարողանում ենք զսպել տարածումը, և կարծես թե ուղիղ գծի վրա ենք՝ հունիսի կեսերից սկսած»,-ասաց նա՝ ընդգծելով, որ համաճարակային իրավիճակ է, ինչը կրկնակի, եռակի ավել բեռ է առողջապահական համակարգի վրա:

Անդրադառնալով Գյումրիում կորոնավիրուսից մահացած կնոջ դիակի կորելու դեպքին՝ Թորոսյանն ասաց, թե եղել է շփոթմունք ճանաչման, ինչպես նաև տեղափոխման պրոցեսում:

Հարցին՝ նախարարն ունի՞ այդքան ժամանակ՝ հետևելու քաղաքական գործիչների գործունեությանը, Թորոսյանն արձագանքեց, թե ունի ժամանակ՝ հետևելու բոլոր քաղաքական գործիչների գործունեությանը և գնահատական տալու, և միշտ ունենալու է:

Դիտարկմանը՝ չի՞ կարծում, որ հանրության վրդովմունքը արդարացված է, որ առողջապահության նախարարն այս իրավիճակում քաղաքական հայտարարություններ է անում, Թորոսյանն արձագանքեց. «Չեմ կարծում, որ հանրությունն ունի վրդովմունք: Առողջապահության նախարարը քաղաքական գործիչ է և միշտ անելու է քաղաքական հայտարարություններ»:

Հարցին՝ չի՞ պատրաստվում հրաժարական տալ կորոնավիրուսի դեմ պաքարը տապալելու համար, Թորոսյանը պատասխանեց. «Չեմ պատրաստվում»:

Դիտարկմանը, թե ԼՀԿ-ն և ԲՀԿ-ն դիմում են ներկայացրել կորոնավիրուսի դեմ պայքարի վերաբերյալ ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու համար, Թորոսյանն արձագանքեց, թե պատրաստ է պատասխանել բոլոր հարցերին. «Իմ քաղաքական գնահատականն է, որ Հայաստանն իր ունեցած ռեսուրսներով և իրավիճակով բավական լավ պայքարել է այս համաշխարհային մարտահրավերի դեմ»,-հավելեց նա: