Սևանում կհիմնանորոգվի բակային 5 ճանապարհ


Սևանում կհիմնանորոգվի բակային 5 ճանապարհ
Հուլիս 3 00:47 2020

Սևան քաղաքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում այս տարվա ընթացքում կհիմնանորոգվի բազմաբնակարան շենքեր տանող բակային 5 ճանապարհ:

Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնի տվյալներով՝ ծրագրի նախնական արժեքը 151.125.700 դրամ է, որի 60 տոկոսը կամ 90 միլիոն 675 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը կամ 60 միլիոն 400 հազր դրամը՝ Սեւանի համայնքապետարանը:

Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի հավաստմամբ՝ շինարարական աշխատանքների մրցույթն արդեն հայտարարված է:

«Սևան քաղաքի 5 բակային տարածքներն ընտրվել են` հաշվի առնելով այդ տարածքներում բնակվողների թվաքանակը, մարդկանց և ավտոմեքենաների երթևեկությունն ու շարժը, բակերի առկա տեխնիկական վիճակը:

Սևան համայնքի 2-րդ և 3-րդ միկրոթաղամասերի, Շահումյան փողոց 35, 37, 37ա և Կարմիր բանակի փողոց 54, Նալբանդյան փողոցի 37, 39, 41, 43, 45, 47, 49, 51, Շինարարների 2 շենքերի բակային տարածքների ճանապարհների ասֆալտբետոնե ծածկույթի տեղադրումը, գոյություն ունեցող եզրաքարերի վերատեղադրումը, անհրաժեշտության դեպքում նոր եզրաքարերի տեղադրումը, դիտահորերի և ջրընդունիչների բարձրացումը կամ իջեցումը կապահովեն այդ տարածքների բարեկարգ տեսքը, որը տասնամյակներ շարունակ եղել է խնդրահարույց, իսկ մասնակի վերանորոգումները` կարճաժամկետ:

 Շենքերի բակային տարածքները եղել են ասֆալտբետոնե ծածկույթով և բազալտե եզրաքարերով բարեկարգված: Տասնամյակների ընթացքում ասֆալտբետոնե ծածկույթը քայքայվել է, կատարվել են մասնակի վերանորոգման աշխատանքներ, հարթեցվել են տարբեր տեսակի գրունտներով, որի պատճառով ծածկի նիշը բարձրացել է, և որոշ հատվածներում եզրաքարերը մնացել են լիցքի տակ:

Առաջնահերթություն ներկայացնող այս ծրագրի իրականացմամբ Սևան քաղաքի 5 բակային տարածքներում կապահովվի բարեկարգ և ներկայանալի տեսք, որը միաժամանակ հարմարավետության, անվտանգության երաշխիք է: Շինարարական աշխատանքները կավարտվեն այս տարվա ընթացքում»,-ներկայացրել է համայնքի ղեկավարը: