Աշխարհում մոլեգնում էր կորոնավիրուսը, մեզ մոտ միտինգ էին անում. ո՞ր թերացումներն է ուսումնասիրելու ԱԺ հանձնաժողովը


Աշխարհում մոլեգնում էր կորոնավիրուսը, մեզ մոտ միտինգ էին անում. ո՞ր թերացումներն է ուսումնասիրելու ԱԺ հանձնաժողովը
Հուլիս 2 22:17 2020

Ըստ էության, հանձնաժողովը մի գործիք է, որը թույլ է տալիս հասկանալ, թե ի՞նչ գործողություններ են իրականում կատարել իշխանությունները կորոնավիրուսի դեմ պայաքարի հետ կապված։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում իրավունքի ուժով ստեղծված կորոնավիրուսի վիրուսի դեմ պայքարի, համաճարակի հետևանքների մեղմման կամ վերացման ուղղությամբ Կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետության և այլ հարցերի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովին։

Պատգամավորը հիշեցրեց՝ իրենք բազմիցս ասել են, որ կորոնավիրուսի դեմ պայքարը Հայաստանում անարդյունավետ էր և արդյունավոտ է, և եթե այսպես շարունակվի, ապա վիճակը գնալով վատանալու է։

«Սա անանկնալ չէ բոլորի համար, որ մենք բացասական ենք գնահատել այն գործողությունները, որոնք իշխանությունները պարտավոր էին իրականացնել կորոնավիրուսի դեմ պայքարի հետ կապված, սկսած առաջին արձագանքման ժամանակից, երբ աշխարհով մեկ մոլեգնում էր կորոնավիրուսը, իսկ Հայաստանում հանրաքվեի հետ կապված միտինգներ էին անցկացնում՝ անտեսելով վտանգները։ Դրա հետ մեկտեղ մենք հասկանում ենք, որ քաղաքական ուժերը, որոնք ունեն որոշակի պրետենզիաներ, պետք է լինի գործիքակազմ և բնավ կապ չունի՝ ով ինչքան տեղ ունի այդ հանձնաժողովում։ Ի վերջո մենք ունենք մեխանիզմներ, որոնք մեզ տրամադրված են որպես խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժ, և ինչպես անցյալում ենք հայտարարել, բոլոր իրավական մեխանիզմները օգտագործելու ենք»,- ասաց պատգամավորը։

Մեր հարցին, թե ի՞նչ քայլեր պետք է անի կառավարությունը, որպեսզի կորոնավիրուսի դեմ պայքարը հաջողվի, Արման Աբովյանն ասաց, որ նվազագույնը պետք է զբաղվի կորոնավիրուսի դեմ պայքարով։

«Մենք այն գլխից էլ ասում էինք, որ պետք է սկսել, օրինակ, զանգվածային թեստավորումներից, որ շուտ կարողանային տարանջատել հիվանդներին և առողջներին։ Այդ ճանապարհով բազմաթիվ երկրներ գնացին և բավականին լավ ստացվել է։ Դրա հետ մեկտեղ գոյություն ունի պայքարի դեմ համակարգված աշխատանք, որը ցավոք սրտի, մենք չենք տեսնում։ Մենք միշտ արձագանքում ենք, երբ որ վիճակը վատանում է, մենք չենք հասցնում վիճակը լավացնել։ Իհարկե, կտրուկ համաձայն չենք այն թեզի հետ, որ միայն ժողովրդից է կախված կորոնավիրուսի դեմ արդյունավետությունը։ Այո, ժողովրդի ինքնագիտակցումը և այլ հարցեր կարևոր են, բայց հավատացնում եմ դա գլխավոր դրույթը չէ, որը թույլ կտա արդյունավետ պայքարել կորոնավիրուսի դեմ»,- ասաց նա։

Մեր դիտարկմանը, թե Առողջապահության նախարարն ասում է, որ թեստավորումը պետք է արվի ըստ ցուցումի, Արման Աբովյանն արձագանքեց․

«Հենց դա է հիմնական սխալներից մեկը, որ սպասում են մինչև հիվանդությունը զարգանա, նոր թեստավորեն։ Դե, եթե հիվանդությունը զարգացավ, էլ թեստավորում եք ի՞նչ անեք։ Զանգվածային թեստավորման իմաստն այն է, որ վիրուսակիրներին առանձնացնեն ոչ վիրուսակիրներից։ Իսկ մենք գիտենք, որ բավականին մեծ տոկոս կա մարդկանց, որ վիրուսակիր են, բայց ոչ մի ախտանիշ չունեն, բայց իրենք մարդկանց են վարակում։ Դա պատճառներից մեկն է, որ զանգվածային թեստավորումը թույլ կտար պայքարել դրա դեմ»,- ասաց Արման Աբովյանը։

Մեր հարցին, թե առողջապահական համակարգում ի՞նչ խնդիրներ է տեսնում, ընդդիմադիր խմբակցության պատգամավորը զերծ մնաց առավել մանրամասն խոսել, պատճառաբանելով, որ խնդիրները բազմաթիվ են, և մի քանի օրինակով չի կարող ներկայացնել։ Այնուամենայնիվ, Արման Աբովյանը մի օրինակ բերեց։

«Ռայոններում կատարվող թեստավորումները, որոնք ըստ մեր ստացած տեղեկության՝ խայտառակ վիճակում են։ Համակարգված չէ, անհասկանալի է»,- շեշտեց նա։

Ըստ Արման Աբովյանի՝ քաղաքացիները այս պարագայում պարտավոր չեն իրենց գրպանից գումար տան և թեստավորվեն։

«Այն մարդիկ, որոնք ուզում են շտապ թեստավորվել, պարտավոր չեն իրենց գրպանից թեստավորվել՝ կառավարության ոչ պատշաճ կատարած աշխատանքի պատճառով, գնան ինչ-որ գումարներ վճարեն։ Սա էլ է խնդիր։ Հայաստանում թեստավորումը իսպառ պետք է լինի անվճար բոլոր տեղերում՝ անգամ մասնավոր հիվանդանոցներում»,- ընդգծեց նա։

Պատգամավորն անդրադարձավ նաև վերջին օրերին բուռն քննարկումների առիթ դարձած կորոնավիրուսից մահացած գյումրեցի կնոջ դիակի անհետանալուն։ Արման Աբովյանը խայտառակ որակեց այդ պատմությունը։

«Սա մերկացրեց համակարգի բոլոր այն խնդիրները, որոնք մենք այսօր տեսնում էինք»,- շեշտեց նա։

Հիշեցնենք նաև, որ Արման Աբովյանը վարակված է կորոնավիրուսով։ Նա իրեն լավ է զգում, բուժումն ստանում է տան պայմաններում։

«Որոշակի դեղեր եմ ընդունում, որոնք ցուցված են։ Պոլիկլինիկան պարբերաբար ինձ հետ կապի մեջ է, ոչ թե նրա համար, որ ես ԱԺ պատգամավոր եմ, այլ որքանով տեղյակ եմ, պոլիկլինիկաներն այդ ցուցումն ունեն, որ նայեն»,- հավելեց նա։



loading...