Միայն գրականությանը տրված փողե՞րն են, որ կարող են հայ ազգին փրկել կրոնավիրուսից. Արքեմնիկ Նիկողոսյան


Միայն գրականությանը տրված փողե՞րն են, որ կարող են հայ ազգին փրկել կրոնավիրուսից. Արքեմնիկ Նիկողոսյան
Հուլիս 2 19:20 2020

ԿԳՄՍ նախարարության որոշմամբ կասեցվել է «Հայ գրականությունը թարգմանություններում» դրամաշնորհային ծրագիրը: Այսօր «Ավելորդը» թեմայով հեռավար քննարկման ժամանակ ԿԳՄՍ նախարարության գրահարատարակչության ոլորտի մասնագետ Արմեն Սարգսյանը նշեց, որ քննարկումների արդյունքում բոլոր ոլորտներից եղել են կրճատումներ և գումարները ուղղվել են Կառավարության պահուստային ֆոնդին, ինչը պայմանավորված է կորոնավիրուսի դեմ պայքարով:

Քննարկմանը մասնակից «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր եւ գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը նշեց, որ խնդրին վերին մարմիններում տեղյակ չեն. «Ես վստահ եմ, որ վերին օղակներում խնդրին տեղյակ չեն, չնայած ես նախարարին գրել եմ, նաեւ վարչապետին եմ անձամբ պատրաստվում գրել, որովհետեւ չգիտես ինչու խնդիրներին սովորաբար անդրադառանում են լոկալ մակարդակներում:

Ինձ ավելի շատ տանջում է մշակույթի գծով մեր երկու փոխնախարարների չասեմ հակագրական, բայց գրականության հանդեպ բացարձակ անտարբերությունը: Այն ինչ անում է Նարինե Թուխիկյան փոխնախարարը, որը համակարգում է նաեւ գրականության ոլորտը՝ ուղղակի անգործություն է: Չեք տեսնի իր ոլորտում իր կողմից որեւէ հոդաբաշխ հայտարարություն կամ մեկնաբանություն՝ այդ ոլորտի խնդիրների վերաբերյալ: Չեմ տեսել, որ մի բարձրացված խնդրի նա կարողանա մի նորմալ պատասխան տալ: Ամենակարեւորը՝ այդ երկու փոխնախարարների կողմնապահությունը այն ոլորտներին, որոնց իրենք իբր լավ են տիրապետում»,-ասաց նա:

«Ինձ օրինակ հետաքրքիր է, թե թատրոնների, թանգարանների գծով եղե՞լ են նման կրճատումներ, թե՞ միայն գրականությանը տրված փողերն են, որ կարող են հայ ազգին փրկել կրոնավիրուսից: Սա ցույց է տալիս, որ ինչպես նախկինում, հիմա էլ նախարարությունը չունի ռազմավարություն, չգիտեի՝ ուր է գնում: Կառավարության ամենամեծ պրոբլեմը այն է, որ չեն ճանաչում խնդիրները»,-ասաց Արքեմնիկ Նիկողոսյանը:

Նա նշեց՝ այն ծրագրերը, որոնք ներկայացվում են ՀՀ կառավարություն եւ հիմնավորվում են՝ ֆինանսներ գտնվում են. «Ես ամաչում է, որ ԿԳՄՍՆ-ում այդքան փոխնախարարների մեջ չկա այն մարդը, որ հիմնավորի այսպիսի ծրագրերի կարեւորությունը, որպեսզի դրանք չկրճատվեն: Այսինքն այն մարդը, որ ներկայացնում է այս ծրագրերը, ինչը չի տիրապետում եւ չի հասկանում այս դրամաշնորհի կարեւորությունը: Ես վստահ եմ, որ եթե նորմալ հիմնավորվեր դրամաշնորհային ծրագրի շարունակականության կարեւորությունը, ապա Կառավարությունը չէր մերժի այդ 14 մլն դրամը տրամադրել: Խոսքն ընդամենը 14 մլն դրամի մասին է»:

ԿԳՄՍՆ հրատարակչության ոլորտի գլխավոր մասնագետ Արմեն Սարգայանն ասաց, որ թեեւ այս տարի ֆինանսավորում չի լինելու, սակայն ԿԳՄՍՆ-ն չի մերժելու այս տարվա  որեւէ հայտ. «Դրանք նախատեսելու ենք իրականացնել 2021-ի սկզբին: Նախարարությունը դա ներառել է 2021 թվականի բյուջետային հայտում. կարծում եմ, որ ծրագիրը կմնա 2021 թվականին»: