Առաջին շահագրգռվածները մենք ենք, որ գանք դատական նիստերին ու պրոցեսն իր բնականոն հունով գնա. Սերժ Սարգսյանի պաշտպան


Առաջին շահագրգռվածները մենք ենք, որ գանք դատական նիստերին ու պրոցեսն իր բնականոն հունով գնա. Սերժ Սարգսյանի պաշտպան
Հուլիս 2 15:20 2020

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի եւ Նոր Նորք նստավայրում` դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի, նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանի, գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանի եւ նույն նախարարության Բուսաբուծության վարչության պետ Գեւորգ Հարությունյանի գործով դատական նիստին Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը դատարանին առաջարկեց դատական նիստը հետաձգել այնքան ժամանակ, մինչեւ համավարակով պայմանավորված իրավիճակը կառավարելի դառնա։

«Երբ այս համավարակը սկսվեց, Կառավարությունը սկսեց ձեռնարկել միջոցառումներ՝ համավարակը կանխելու ուղղությամբ եւ սահմանվեցին կանոններ։ Կանոններից են՝ տարածությունը, սոցիալական հեռավորությունը, տարածքների ախտահանումը եւ այլն։ Ինչպես ցույց է տալիս այսօրվա իրողությունները՝ այս միջոցառումները արդյունավետ չեն, որովհետեւ այդ միջոցառումները չեն զսպում համավարակի տարածումը։ Առողջապահության նախարարությունը առաջարկում է տարբեր միջոցառումներ՝ զսպելու համար համավարակի տարածումը. տարբեր եղականեր առաջարկվեց։ Ոչ մեկս հստակ տեղեկություն չունի, թե ո՞ր միջոցառումներն են արդյունավետ»,- ասաց նա։

 

Մակինյանը նշեց, որ հասկանում է դատարանի մտահոգությունները. «Հասկանում եմ, որ դատարանը պետք է առաջանորդվի բացառապես օրենքով։ Այստեղ երկու շահ կա, մեկը արդարադատության շահն է, որը պետք է իրականացվի եւ անձանց կյանքի եւ առողջության պահպանումը։ Ես համոզված եմ, որ դատարանը բոլոր կանոններին հետեւում է, բայց համոզված չեմ, որ այդ կանոններն արդյունավետ են»։

Ամրամ Մակինյանը դատարանին առաջարկեց՝ հետաձգել դատական նիստերը. «Առաջին շահագրգռվածները մենք ենք, որ գանք դատական նիստերին ու պրոցեսն իր բնականոն հունով գնա»։



loading...