Նուբար Աֆեյանի Moderna ընկերությունը «Քովիդ-19»-ի դեմ պատվաստանյութի ստեղծման առաջատարներից է. ԱՀԿ


Նուբար Աֆեյանի Moderna ընկերությունը «Քովիդ-19»-ի դեմ պատվաստանյութի ստեղծման առաջատարներից է. ԱՀԿ
Հունիս 29 20:37 2020

Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր գիտնական Սումյա Սվամինաթան նշել է, թե որ ընկերություններն են առաջատարը «Քովիդ-19»-ի դեմ պատվաստանյութի ստեղծման պայքարում:

Ինչպես փոխանցում է Reuters գործակալությունը, առաջատարներ են բրիտանական AstraZeneca դեղագործական ընկերությունն ու Քեմբրիջում գործող Moderna ընկերությունը, որի հիմնադիրն է ամերիկահայ գործարար Նուբար Աֆեյանը:

Բրիտանական ընկերության մշակած պատվաստանյութը, որը ստեղծվել է Օքսֆորդի համալսարանի մասնագետների հետ համատեղ, ներկա պահին կլինիկական լայնամասշտաբ փորձարկումներ է անցնում:

Անցյալ շաբաթ AstraZeneca-ն իր տասերորդ պայամանագիրն է կնքել պատվաստանյութի մատակարարման վերաբերյալ:

Սվամինաթան նշել է, որ Moderna-ի ստեղծած պատվաստանյութը «շատ չի հետ մնում» և ընտրվել է 200 թեկնածուների շարքից և մեկն է 15 պատվաստանյութերից, որոնք գտնվում են կլինիկական փորձարկումների փուլում:

«Մենք գիտենք, որ Moderna-ի պատվաստանյութը պատրաստվում է հուլիսի կեսերից կլինիկական փորձարկումների երրորդ փուլն անցնել»,- շեշտել է ԱՀԿ-ի մասնագետը:

Վերջինս նշել է, որ ԱՀԿ-ն բանակցությունների մեջ է մի շարք չինական արտադրողների հետ, այդ թվում և Sinovac ընկերության, ինչպես նաև հնդիկ հետազոտողների: