Սոցիալական հեռավորությունը ջրում. ինչպե՞ս են աշխատում Երեւանի լողավազանները


Սոցիալական հեռավորությունը ջրում. ինչպե՞ս են աշխատում Երեւանի լողավազանները
Հունիս 29 20:40 2020

Չնայած շարունակվող կորոնավիրուսի պանդեմիային, սահմանափակումներին, դիմակ կրելու պահանջներին՝ նույնիսկ փողոցում, երբ այլ անցորդներ չկան, Հայաստանում պարետատան թույլտվությամբ բաց եւ փակ լողավազանները գործում են առանց հատուկ սահմանափակումների:

Այս թեմայի շուրջ NEWS.am-ը զրուցել է մի քանի լողավազանների ներկայացուցիչների հետ:

Հարցումը ցույց է տվել, որ լողավազաններ այցելելու համար բժշկից թուղթ պետք չէ, լողավազաններում պարտադիր բժշկական զննություն են անցնում եւ հետեւում են սոցիալական հեռավորության պահանջին:

«Multi Wellness Center»-ում փակ լողավազանն աշխատում է այսօրվանից: Հաշվի առնելով այն, որ այստեղ լողավազանը մեծ է, այցելուների թվի սահմանափակումը սկսվում է մի քանի տասնյակից: Նման պատկեր է նաեւ «Grand sport»-ում: 

Դավիթ Համբարձումյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում հայտնեցին, որ մեծահասակների համար ժամերը առանձին են, կարող է այցելել 5-6 մարդ: Այստեղ սահմանափակումները տարածվում են հանդերձարանների վրա, որտեղ կարող է միանգամից գտնվել 5 հոգուց ոչ ավելի:

«Նեպտուն» համալիրում էլ հայտնեցին, որ հատուկ սահմանափակումներ չկան, քանի որ այցելուները շատ չեն:

Գործում են նաեւ հյուրանոցների լողավազանները: Այստեղ բժշկից թուղթ չեն ուզում, սակայն չափում են ջերմությունը, գործում են նաեւ այցելուների թվի խիստ սահմանափակումներ: «Կոնգրես» հյուրանոցի լողավազանում կարող են միանգամից գտնվել մինչեւ 6 մարդ, «Գրանդ հոթել»-ում՝ միայն 5 մարդ: