Այսօր մենք համընդհանուր լոքդաունի պլան ենք մշակում. Նիկոլ Փաշինյան


Այսօր մենք համընդհանուր լոքդաունի պլան ենք մշակում. Նիկոլ Փաշինյան
Հունիս 29 19:18 2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետատան նիստից հետո հրավիրած ճեպազրույցում անդրադարձավ առողջապահության նախարարի հայտարարությանը, ով կոչ էր արել հանրային սննդի կետեր չայցելել։ Նախարարի այս հայտարարությունը վրդովմունք էր առաջացրել ոլորտի ընկերությունների մոտ։

 

«Այս պահի դրությամբ կառավարության կոչը մեկն է՝ պահպանել հակահամաճարակային կանոնները։ Առողջապահության համակարգի մեր գործընկերներին մենք պետք է ճիշտ հասկանանք, որովետև նրանք արդեն ամիսներ շարունակ աշխատում են գերմարդկային ծանրաբեռնվածության ներքո։ Եվ այսօր համաճարակային իրավիճակի հետ հետ կապված շատ են հնչում առողջապահական համակարգի նկատմամբ մեղադրանքներ, բայց ես ուզում եմ ասել, որ այսօր համաճարակի տարածման դեմ առողջապահության նախարարությունը չէ, որ պայքարում է ու պետք է պայքարի։ Առողջապահական համակարգը պայքարում է համաճարակի հետևանքների դեմ։ Եվ ինչքան շատ է այդ հիվանդների  թիվը, այնքան ծանրանում է առողջապահական համակարգի աշխատանքը, նամանավանդ, որ հիվանդանոցային տեղերը մի քանի անգամ ավելի շատ ծավալվել են։ Կառավարության կոչն է պահպանել հակահամաճարակային կանոնները և չանել այնպիսի գործողություններ, որոնք հակասում են հակահամաճարակային կանոնների պահպանմանը»,- ասաց նա։

 

Վարչապետը նշեց՝ հակահամաճարակային կանոնները ռեստորանում հնարավոր է և պահպանել, և չպահպանել։ Առօրյա կյանքում էլ է հնարավոր և պահպանել, և չպահպանել։ «Մենք ասում ենք՝ պահպանել երեք կանոն՝ կրել դիմակ, դիմակը հանել միան սնվելիս, սնվելու ընթացքում այն մյուս երկու կանոնները շարունակում են մնալ ուժի մեջ՝ պահպանել սոցիալական հեռավորություն և պարբերաբար ախտահանել ձեռքերը»,- հավելեց նա։

Անդրադառնալով համատարած լոքդաուն սահմանելու մասին հարցին՝ վարչապետը նշեց․ «Համատարած լոքդաունի մտադիր ենք գնալ ծայրահեղ դեպքում և միայն այն պայմաններում, եթե համոզված լինենք, որ 100 տոկոսով մենք ունենք մեխանիզմները, պատկերացնում ենք, թե մինչև ամենավերջին գյուղի ամենահեռավոր փողոցը ինչպես ենք դա պահելու։ Եթե պարզվի, որ այդպիսի երաշխիք չկա, լոքդաունը կարող է բերել ավելի շատ պրոբլեմների։ Այսօր մենք համընդհանուր լոքդաունի պլան մշակում ենք, և պետք է ամեն ինչ անենք, որ պատրաստ լինենք ըստ անհրաժեշտության գնալ այդ քայլին։ Բայց մենք գիտենք, որ կա ավելի հեշտ լուծում՝ դա մեզնից յուրաքանչյուրի կողմից հակահամաճարակային կանոնների պահպանումն է»,- նշեց նա