Արցախի կառավարությունն աջակցության ձեռք կմեկնի լիբանանահայությանը. Արայիկ Հարությունյանն ընդունել է Կարո Քեբաբջյանին


Արցախի կառավարությունն աջակցության ձեռք կմեկնի լիբանանահայությանը. Արայիկ Հարությունյանն ընդունել է Կարո Քեբաբջյանին
Հունիս 29 15:10 2020

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 29-ին ընդունել է Մերձավոր Արեւելքի երկրներում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Կարո Քեբաբջյանին:

 

Երկրի ղեկավարը նշել է, որ Արցախում ուշադրությամբ հետեւում են Լիբանանում համավարակի հետեւանքով ստեղծված սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակի հետ կապված զարգացումներին եւ մտահոգված են լիբանանահայության կացությամբ: Հանրապետության նախագահի խոսքով՝ չնայած տնտեսական խնդիրները չեն շրջանցել նաեւ Արցախը, սակայն ԱՀ կառավարությունն իր համազգային պատասխանատվության շրջանակներում քննարկում է ունեցած սուղ միջոցներից լիբանանահայ քույրերին եւ եղբայրներին ցուցաբերվելիք աջակցության ծավալը:

Կարո Քեբաբջյանը շնորհակալություն է հայտնել Արայիկ Հարությունյանին ջերմ ընդունելության եւ ցուցաբերվող աջակցության համար՝ ընդգծելով, որ դա փաստացի ապացույցն է այն իրողության, որ աշխարհով մեկ սփռված հայության համար հայրենիքը ամենահուսալի վայրն է:

Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը եւ ԱՀ նախագահի՝ Սփյուռքի հարցերով խորհրդական Ազատուհի Սիմոնյանը: