Ողբերգական վթար Գեղարքունիքի մարզում. մահացածին ու վիրավորներից 2-ին հայտնաբերել են մեքենայից դուրս


Ողբերգական վթար Գեղարքունիքի մարզում. մահացածին ու վիրավորներից 2-ին հայտնաբերել են մեքենայից դուրս
Հունիս 28 23:59 2020

Այսօր՝ հունիսի 28-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:

SHAMSHYAN.com-ի փոխանցմամբ ժամը 21:40-ի սահմաններում, Suzuki մակնիշի ավտոմեքենայի վարորդը, Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել ձորում:

Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի, որոնցից 2-ը՝ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն վթարի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Սևանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, այնուհետև՝ փրկարարները:

Մահացածին ու վիրավորներից երկուսին քաղաքացիներն ու փրկարարները հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս:

Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը: