Երևանում 65-ամյա վարորդը 07-ով վրաերթի է ենթարկել հեծանվորդ տղային


Երևանում 65-ամյա վարորդը 07-ով վրաերթի է ենթարկել հեծանվորդ տղային
Հունիս 28 20:20 2020

Այսօր՝ հունիսի 28-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:40-ի սահմաններում, 65-ամյա Սամվել Մ.-ն՝ իր վարած ՎԱԶ-2107 մակնիշի ավտոմեքենայով, Բաշինջաղյան փողոցում՝ 5/16 հասցեի դիմաց, վրաերթի է ենթարկել հեծանվորդ երեխայի: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03, այնուհետեւ օգնել է երեխային շտապօգնութան մեքենայով տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն, որից հետո դեպքի մասին ահազանգել է ոստիկանություն:

«Արմենիա» բժշկական կենտրոնում երեխան առաջին բուժօգնությունը ստանալուց հետո՝ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, ռեամոբիլով տեղափոխվեց «Սբ. Աստվածամայր» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի ավագ տեսուչներ Արմեն Արոյանը և Արմեն Ալեքսանյանը: Դեպքի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Հակոբ Մասչյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Վարդան Բաղդասարյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Վ. Բաղդասարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է երեխայի ինքնությունը: *** Քիչ առաջ ժամանեց Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների թիվ 21 խումբը, ովքեր այս պահին օգնություն են ցուցաբերում վարորդին, քանի որ նրա ինքնազգացողությունը վատացել է: Վարորդը տեղում ենթարկվեց սթափության փորձաքննության, պարզվեց, որ նա եղել է սթափ: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: