Ինչ էլ անի Ալիևը, որքան նավթ ու միլիարդներ էլ ունենա, իր նպատակին չի հասնի. Կոմանդոսի «Կյանքը մեկ օրում»


Ինչ էլ անի Ալիևը, որքան նավթ ու միլիարդներ էլ ունենա, իր նպատակին չի հասնի. Կոմանդոսի «Կյանքը մեկ օրում»
Մայիս 8 19:20 2017

«Կյանքը մեկ օրում» նախագծի հյուրն այս շաբաթ Արցախյան ազատամարի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանն է (Կոմանդոս):

 

Դժվար պահին մարդիկ հավաքվեցին ու պատրաստ էին իրենց կյանքը զոհաբերել հանուն անկախության, հաղթանակի, ազատագրված տարածքների: Ստեղծվեց մի կոլեկտիվ, որտեղ մենք իրար հասկանում էինք: Առաջին հերթին պետք էր հասկանալ, որ դու գործ ունես դասախոսի, գյուղացու, գիտնականի հետ, որոնք բոլորը տարբեր են, բայց կար միասնություն, բոլորը զենքը վերցնում էին ու ուզում գնալ պաշտպանելու հայրենիքը, սակայն մեկ էլ պարզվեց, որ ոչ նորմալ զենք կա, ոչ գիտելիքներ: Որպես զինվորական՝ ուզում էի իմ գիտելիքները տալ այդ մարդկանց: Հետները շփվում էի, մեկ էլ այնպես էր ստացվում, որ ես իրենցից էի սովորում: Ինձ ուղարկել էին Հադրութի շրջանի Տող գյուղ: Արդեն 24 գյուղ թուրքերը սովետական բանակի հետ հայաթափել էին, հերթը հասել էր 25-րդ գյուղին: Մենք եկանք այնտեղ 20 հոգով, պետք էր մտածել ինչպես պաշտպանվել: Թշնամին անցել էր հայկական տարածք ու հինգ հոգի մարդ սպանել՝ Դանիելիանների ընտանիքը: Երեք օր ժամանակ կար, որ այդ գյուղը հայերը թողնեին, գնային: Այդ գյուղում ես հանդիպեցի Դավիթ Սարապյանի՝ Դևի հետ, որն իր ջոկատում չորս հոգի ուներ ու ինքը ասաց, որ մենք պետք է հարձակվենք, կռվենք: Ես չէի հասկանում իրեն, բայց ինքը ապացուցեց, որ այդպես կարելի է: Մեկ շաբաթ անց եկան մի խումբ տղաներ, որոնց թվում էին Ժան Գալստյանը, Արթուր Մկրտչյանը, Արթուր Աղաբեկյանը, Վալերի Բալայանը և ասացին, որ գյուղը պիտի ազատենք:

Մենք ունեինք 30-40 հոգի, մեր դեմ սովետական բանակն էր: Ես ասացի, որ անհնար է հարձակվել ու ազատագրել գյուղը, բայց կամաց-կամաց իրենք ինձ հասկացրեցին, որ ուրիշ ելք չունենք: Այն, ինչին չէի հավատում, իրենցից սովորեցի: Ես առաջին օրվանից հասկացա, որ այն մարդիկ, որոնք Ղարաբաղում են, մտածում են իրենց ապագայի մասին, չեն ուզում 1915 թ. կրկնվի, պատրաստ են զոհաբերվել: Ստեղծվեց կենտրոն, մարդիկ հասկացան, որ ես ու իրենք մի հարց ենք լուծում: Իրենք ինձ էին լսում, ես՝ իրենց: Ես բախտավոր հրամանատար էի: Շուշիի ծրագիրը վաղուց կար, բայց զենքը քիչ էր: Այստեղից ղեկավարությունը ասում էր՝ շուտ է, մի քիչ սպասեք: Ասացին՝ եթե մի քիչ էլ սպասենք, Ստեփանակերտից ու գյուղերից ոչ մի բան չի մնա: Ես մինչև հիմա շատ հպարտ եմ, որ մեր հայ ազգի տղամարդիկ ու կանայք ամեն ինչ թողեցին, զենքը վերցրին ու պաշտպանվեցին: Շուշիից առաջ Մոնթեի ջոկատից մի երիտասարդ տղա՝ Երվանդիկը ուզում էր մասնակցել ազատագրմանը, ամեն օր Մարտունիից զանգ էր տալիս, ասում էր՝ ''сигареты превезли?'', դա էլ մեր գաղտնաբառն էր, հենց ասեի՝ ՛՛превезли՛՛, ինքը պիտի զենքը վերցներ գար: Շուշիից առաջ ասացի՝ ՛՛превезли՛՛, եկավ, զոհվեց: Ցավալի է, որ 6000 մարդ կորցրինք, բայց մեր ժողովուրդը հասկացավ, որ այլ ելք չկար:

Շուշին ազատագրել ենք ժամը 4-ին, մինչև ժամը 8-ը ոչ մեկին ոչինչ չեմ ասել

Շուշին թուրքերը ժամը 4-ին թողել գնացել էին: Գիշերվա 4-ն էր ու չէր կարելի մտնել Շուշի: Ինձ իմ մարտական ընկերը՝ Աշոտ Խաչատրյանը զանգեց, ասաց՝ թուրքերը դուրս են եկել, օգնություն չստացան, իրենց զենքը վերջացել էր, դուրս եկան, Շուշին ազատ է, բայց գիշերով չի կարելի մտնել: Մինչև ժամը 8-ը ես ոչ մեկին ոչ մի բան չեմ ասել: Ժամը 8-ին ասել եմ, որ Շուշին ազատագրել ենք: Բոլորս ուրախացանք ու դրանից հետո էլ ոչ մի բան միտքս չէր: Չորս-հինգ օր չէի քնել, լուրը հայտնելուց հետո քնեցի մինչև ժամը 12-ը:

Ասացի՝ Վազգեն, Շուշին ազատագրենք, կամուսնանա՞ս, ասաց՝ հա

Վազգենի հետ խոսեցինք, ասաց՝ ինչքան մարդ ունես, ասացի ունեմ 3000 նույնիսկ 2500 հոգի, թշնամին ուներ 2500 մարդ: Զինվորական օրենքներով մենք պետք է 3 կամ 4 անգամ շատ լինեինք: Վազգենն ասաց՝ մի քիչ սպասեք, մենք զենք տանք: Աղջիկս պիտի ամուսնանար, այնպես ստացվեց, որ Վազգենը մեր տուն եկավ, խմեցինք մի փոքր ու երբ արդեն քեֆներս լավ էր, ասացի՝ Վազգեն, Շուշին ազատագրենք, կամուսնանա՞ս, ասաց՝ հա: Ու այդպես Շուշին ազատագրվեց. փորձ ունեինք, գիտելիքներ: Երբ տղերքին ասացի՝ մի քիչ շուտ է, եկեք մի քիչ ձգձգենք, ոչ մեկ չհամաձայնվեց: Հրամանը գրեց Սեյրան Օհանյանը: Պետք է մայիսի 5-ին հարձակվեինք, բայց այդ օրը ուժեղ ձյուն եկավ, տեղափոխեցինք մայիսի 7-ին:

Ես բախտավոր պապիկ եմ, թոռներս միշտ ինձ հետ են

Մի տղա ունեմ, մի աղջիկ: Ունեմ չորս թոռնիկ: Բախտավոր պապիկ եմ, թոռնիկներս իմ կողքին են: Մի թոռնիկս բանակից վերադարձել է, ճարտարապետ է մասնագիտությամբ: Մագիստրատուրայում է սովորում: Մյուս թոռնիկս պիտի ընդունվի մագիստրատուրա: Փոքր թոռներիցս մեկը 6 տարկան է, մյուսը՝ 7: Այդպիսի օր չկա, որ չգան ինձ մոտ: Տղաս էլ ինձ հետ է աշխատում: Բոլորս միասին ենք, իրար հետ ապրում ենք:

Պատերազմի դասերից մեկն այն է, որ մարդուն պետք է հավատալ

Պատերազմից մնացած դասերը շատ են: Առաջին դասը, որ ինձ Ղարաբաղում սովորեցրին դա այն էր, որ պիտի իմանաս ում ես դաս տալիս: Պետք է իմանաս, որ այդ դասի ժամանակ 100 %-ը քեզ հետ համաձայն չեն: Ես ջոկատները բաժանում էի խմբերի՝ համարձակ, ավելի համարձակ, կամ վախկոտ, ավելի վախկոտ: Պետք է հասկանայիր, որ մարդիկ կային, որ գալիս էին այնտեղ մի բան անեն, հետ գնան Հայաստան: Կորուստները չեն թողնում քեզ ուրախանալ: Դաս էր այն, որ պետք է մարդուն հավատաս: Կյանքում միշտ չէ, որ ինչ ասում են մարդիկ, անում են: Բանակում ասածն ու արածը համընկնում են: Վիլյամ Սարոյանը ասել է, որ ամեն հայ իրեն գեներալի տեղ է դրել: Հիմա խաղաղ պայմաններում եթե մեկին ասես՝ կուզե՞ս օրինակ՝ լրագրող, բժիշկ լինել, կասի՝ այո: Բայց պատերազում դա շատ լավ բան է: Նայում ես զինվորի քայլերին ու հասկանում, որ մեր ամեն զինվոր իսկապես գեներալ է:

Պատերազմի ժամանակ բոլորն ուզում էին ապրել

Պատերազմի ժամանակ բոլորն ուզում են գալ տուն, երեխաներին, մորը, հորը, կնոջը տեսնել: Բոլորն ուզում էին ապրել: Կռվի տարիներին մեծ դեր է խաղում վախը, դա նորմալ վիճակ է: Ես հասկացա, որ մենք՝ հայերս ունենք վախ, բայց այդ վախը կարողանում ենք կառավարել: Հասկացանք, որ թուրքը չի կարողանում՝ իր համար առաջին հերթին վախն է, իրենք թողնում են ու փախչում: Մի անգամ մարտական ընկերներիցս մեկը՝ Միխայիլ Մելիք-Ստեփանյանը, բերեց Մութալիբովի նկարը, ասաց՝ կախի, ինքը մեզ այնքան զենք-զինամթերք տվեց:

Ալիևը իր նպատակին չի հասնի

Թե ինչ պիտի լինի Ղարաբաղի հարցը, դա արդեն Նալբանդյանին կհարցնեք: Ես միայն գիտեմ, որ ինչ էլ անի Ալիևը, ինչքան նավթ ունենա, միլիարդներ , ինքը ոչ մի բան էլ չի կարող անել և իր նպատակին հասնել: Իր նպատակն այն է, որ մենք Ղարաբաղին ավտոնոմիա տանք Ադրբեջանի կազմում: Ոչ մի անգամ ոչ մի պետություն այդպես հարց չի լուծել: Ապագան շատ դժվար է կանխատեսել, դիվանագետները պետք է աշխատեն այդ հարցը լուծելու համար: Մարդիկ կարող են իրենց կարծիքն ասել, բայց դա լուծում չէ ու չի կարող մեծ դեր խաղալ:

Հայկական քարեր եմ սկսել հավաքել

Ես նորություններ եմ սիրում: Հիմա իմ նորությունը հայկական քարերն են: Քարերի այնպիսի տեսակներ ունենք…Հիմա ուր գնում եմ, այդտեղից քարեր եմ հավաքում, տանը լիքը քարեր ունեմ: Մեր քարքարոտ Հայաստանի ամեն տարածքցի մի քար բերում եմ հետս:

Մտքերը շարունակելով…

Իմ կյանքը … նորմալ անցավ:

Մի օր ես… կասեմ՝ շնորհակալ եմ հայ ժողովուրդ, որ դուք ինձ դժվար պահին հավատացիք ու մենք մեծ գործ արեցինք, այդ դժվար պահին Ղարաբաղում իրար հետ ունեցանք հաջողություններ:

Կյանքը մեկ օրում… ունի 24 ժամ: Ամեն օրվա մեջ դու պետք է զգաս փոփոխությունները: Եթե դու մի օր անցկացրիր դարդով-ցավով, մտքերով, դու շատ բան ես կորցնում:

Տարիների ընթացքում… հավատացի , որ մեր ժողովուրդը անհաղթ է:

Իմ օրերի մեջ… եղել են շատ լավ ու վատ օրեր: Լավ օրերը եղել են մեր հաղթանակի օրերը: Վատ օրերը՝ ես կորցրել եմ շատ թանկագին, մոտիկ ու անմոռանալի ընկերներ, որոնց մասին իմացածս ուզում եմ փոխանցել մեր երիտասարդությանը:

Կարինա Սահակյան

Տաթև Այվազյան

Լուսանկարները՝ Մաքսիմ Սարգսյանի

 



loading...