Հայաստանում ներգնա զբոսաշրջային այցելությունները նվազել են. «Ժողովուրդ»


Հայաստանում ներգնա զբոսաշրջային այցելությունները նվազել են. «Ժողովուրդ»
Հունիս 6 09:44 2020

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հայաստան ներգնա զբոսաշրջային այցելությունները, բնականաբար, նվազել են: Այս տարվա հունվար-մարտ ամիսներին այդ թիվը կազմել 139 հազար 619: Նախորդ տարվա նույն ամիսների համեմատ գրանցվել է 12 տոկոս անկում. 2019 թվականի հունվար-մարտ ամիսներին ներգնա զբոսաշրջային այցելությունները կազմել են 158 հազար 672: Սա, իհարկե, վատ ցուցանիշ է:

Պատճառը կորոնավիրուսն է, որի տարածումը կանխարգելելու նպատակով հայտարարված արտակարգ դրության ռեժիմով պայմանավորված՝ տնտեսական գործունեության որոշ սահմանափակումներ բացասական են ազդել նաեւ Հայաստանի ներգնա զբոսաշրջության ոլորտի վրա: Հիշեցնենք, որ անգամ երկրների միջեւ թռիչքներն են դադարեցվել, եւ դա ազդել է նաեւ արտագնա զբոսաշրջության վրա: Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստան ժամանողների թիվը զգալի պակասել է:

Ըստ Վիճակագրական կոմիտեի՝ այս դեպքում անկումը կազմել է 14.6 տոկոս, այսինքն՝ այս տարվա հունվար-մարտ ամիսներին ՀՀ ժամանել են 311 հազար 264 ուղեւոր, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ժամանողները կազմել են 364 հազար 489»: