Արայիկ Հարությունյանը լավ լուր է հայտնել


Արայիկ Հարությունյանը լավ լուր է հայտնել
Հունիս 5 23:38 2020

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ ռեժիսոր Նորա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի» լիամետրաժ խաղարկային ֆիլմն ընդգրկվել է Կաննի միջազգային 73-րդ փառատոնի պաշտոնական ծրագրի «Առաջին լիամետրաժ ֆիլմ» անվանակարգում։

Նախարարը, մասնավորապես, գրել է.

«Հրաշալի արդյունք և լավ լուր

Ռեժիսոր Նորա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի» լիամետրաժ խաղարկային ֆիլմն ընդգրկվել է Կաննի միջազգային 73-րդ փառատոնի պաշտոնական ծրագրի «Առաջին լիամետրաժ ֆիլմ» անվանակարգում։ Սա աննախադեպ իրադարձություն է և՛ անկախության շրջանում հայկական կինոարտադրանքի միջազգայնացման, և՛ ազգային կինեմատոգրաֆի միջազգային դիրքավորման ու վարկանիշի տեսանկյունից։

Ֆիլմը օդանավակայանների աուդիտոր Ալենի մասին է, ով ժամանում է Արցախի նորակառույց օդանավակայան և բացահայտում մի նոր երկիր: Ֆիլմը, ուղղակի թե անուղղակի, նպաստելու է նաև Արցախի Հանրապետության միջազգային ճանաչելիության բարձրացմանը։

«Երբ որ քամին հանդարտվի» Ֆիլմը համատեղ արտադրություն է Հայաստանի, Ֆրանսիայի և Բելգիայի: Կինոնախագիծը աջակցություն է ստացել ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Հայաստանի ազգային կինոկենտրոնի, Ֆրանսիայի ազգային կինոկենտրոնի (CNC), Eurimages, Wallonie-Bruxelles, Région Nouvelle-Aquitaine, Hubert Bals Fund, Région Occitanie, Procirep հիմնադրամների կողմից»: