Միայն համակարգչային տոմոգրաֆիային հաջողվեց պարզել իմ մոտ երկկողմանի թոքաբորբի առկայությունը․ Դավիթ Պատրիկյան


Միայն համակարգչային տոմոգրաֆիային հաջողվեց պարզել իմ մոտ երկկողմանի թոքաբորբի առկայությունը․ Դավիթ Պատրիկյան
Հունիս 5 21:06 2020

«Արմենիա» բժշկական կենտրոնի Նյարդավիրաբուժության բաժանմունքի վարիչ Դավիթ Պատրիկյանը, որը ընդամենը օրերս է հաղթահարել կորոնավիրուսը, մարդկանց հորդորում է արհամարանքով չվերաբերվել վարակին։

 «Ես պատկանել եմ ռիսկի խմբին՝ հիպերտոնիկ հիվանդություն, շաքարային դիաբետ, 68 տարեկան եմ։ Այդ պայմաններում տարել եմ կորոնավիրուսային վարակ, երկկողմանի թոքաբորբ, գտնվում էի շատ ծանր վիճակում ։ Ես բուժվում էի իմ կոլեգաների մոտ ու նրանց շնորհիվ կարողացա հաղթահարել։ Հիվանդությունը բավական նամարդ հիվանդություն է, բավական գաղտագողի սողոսկում է մարդու օրգանիզմ եւ կատարում իր չար գործը։ Պետք է լինել շատ զգույշ»,- ասաց նա։

Դավիթ Պատրիկյանը մարդկանց կոչ արեց հետեւել բոլոր կանոններին, կարծիք հայտնելով, որ այդ դեպքում, միգուցե, մինչեւ այս ամսվա վերջ կարողանանք հաղթահարել համավարակը։ Փոխարենը, նրա խոսքով, մարդիկ կարծես խանգարեն այդ պրոցեսին։ 

«Ամեն տեղից ծակծկում ենք, դանակահարում ենք, որ չկարողանա՞նք պայքարել, եկեք հանգիստ թողնենք բժշկությանը եւ կառավարությանը։ Եթե մենք այս համաճարակի ձեռքն ընկած լինեինք 100 տարի առաջ՝ աշխարհի ազգաբնակչության կեսը հաստատ չէր մնա։ Այսօր ի շնորհիվ այն անտիբիոտիկների, հակավիրուսային դեղորայքի, այն սարքավորումների, որ հնարավոր է ախտորոշվել, կարողնում ենք ճիշտ բուժում գտնել։ Ես ռենտգեն եմ անցել, ոչինչ թույլ չի տվել, միայն համակարգչային տոմոգրաֆիային հաջողվեց պարզել երկկողմանի թոքաբորբի առկայությունը»,- նշեց նա։



loading...