Արման Սարգսյանը՝ դիմակ չկրելու համար քաղաքացու նկատմամբ ուժ կիրառելու մասին


Արման Սարգսյանը՝ դիմակ չկրելու համար քաղաքացու նկատմամբ ուժ կիրառելու մասին
Հունիս 5 17:19 2020

Եթե չեն ենթարկվում քաղաքացիները, օրենքի պահանջ է՝ մենք կարող ենք կիրառել ուժ: Նման բազմաթիվ դեպքեր են եղել, երբ մենք ֆիզիկական ուժ կիրառել ենք: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանը՝ անդրադառնալով այսօր հրապարակված տեսանյութին, որում երևում է՝ ինչպես են ոստիկաններն ուժ կիրառում քաղաքացու վրա՝ դիմակ չկրելու համար:

«Մենք ուսումնասիրություն ենք կատարում, բայց կխնդրեմ գործողությունը չբնորոշել՝ ոչ իրավաչափ, որովհետև ոստիկանությունն ուժ կիրառելու իրավասությամբ օժտված մարմին է, հետևաբար, եթե դրա կարիքն առաջանում է, եթե քաղաքացուն ներկայացվում է օրինական պահանջ, և նա չի ենթարկվում դրան, բնականաբար Ոստիկանությունը պետք է կիրառի ուժ»,-ասաց նա:

Նա անդրադարձավ նաև հարսանիքի տեսագրությանը, որտեղ քաղաքացիները պար էին բեմադրել՝ ոստիկանական ու ԱԱԾ համազգեստներով՝ միաժամանակ խախտելով մեծ միջոցառումներ չիրականացնելու՝ պարետի որոշումը. «Ցավալի է, որ նման երևույթներ  են տեղի ունենում այդքան հորդորներից, նաև վարչարարություն իրականացնելուց հետ»,-ասաց նա՝ նշելով, թե պարզել են տվյալ տնտեսվարողին, կազմվել է արձանագրություն:

Դիտարկմանը, թե չի՞ ստացվում, որ ոստիկանության նկատմամբ անլուրջ մոտեցում կա, Սարգսյանն արձագանքեց, թե լուրջ կամ անլուրջ վերաբերմունքին գնահատական տալուց առաջ պետք է ուսումնասիրել ոստիկանության կատարած աշխատանքները՝ մասնագիտական առումով. «Այդ տպավորությունը ստեղծում են լրատվամիջոցները, չգիտեմ՝ ինչու: Ես, օրինակ, Գավառի հիվանդանոցում չեմ եղել, բայց այդպես է տարածվել: Լրատվությունը պետք է լինի փաստերի վրա հիմնված և իր մեջ ապատեղեկատվություն չպարունակող»,-ասաց ոստիկանապետը:

Հարցին՝ ինքը նման զգացողություն չունի՞, որ անլուրջ մոտեցում կա, Սարգսյանն արձագանքեց՝ բացարձակ:

Հարցին՝ Գավառի դեպքերից հետո ինչու՞ քավության նոխազ ընտրվեց Գեղարքունքի ոստիկանապետը, Սարգսյանն արձագանքեց, նա չի ընտրվել քավության նոխազ. «Ոստիկանապետը պետք է կանխատեսեր այդ տարածքի օպերատիվ  իրավիճակը»,-ասաց նա:

Հիշեցնենք՝ ապրիլի 28-ին Գավառ քաղաքի Ազատության փողոցում հնչել են կրակոցներ, ինչի հետևանքով 2 հոգի մահացել է, 4 քաղաքացի տեղափոխվել հիվանդանոց։ Ըստ մամուլում շրջանառվող բազմաթիվ վարկածներից մեկի՝ վիճաբանությունը ծագել էր դեռահասների միջև:



loading...