Դիմակ կրելը պարտադիր պահանջ է, սակայն ոստիկանների գործողությունները պետք է լինեն համաչափ․ՄԻՊ


Դիմակ կրելը պարտադիր պահանջ է, սակայն ոստիկանների գործողությունները պետք է լինեն համաչափ․ՄԻՊ
Հունիս 5 16:30 2020

Ոստիկանության ծառայողների կողմից քաղաքացու բերման ենթարկելու վերաբերյալ սոցիալական ցանցերում տեսանյութի հրապարակումից անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության բաժին՝ բերման ենթարկված քաղաքացու հետ առանձնազրույցի, նրա իրավունքներին վերաբերող այլ անհրաժեշտ գործողություններ իրականացնելու համար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Ֆեյսբուք»-ի իր էջում այս մասին գրել է Արման Թաթոյանը։

 

«Այս պահին կարող եմ ասել, որ բերման ենթարկելու պատճառ է քաղաքացու դիմակ պարտադիր կրելու Պարետի որոշման պահանջի չկատարումը: Այսօրվա հրապարակված տեսանյութն առերևույթ վկայում է, որ Ոստիկանության գործողություններն անհամաչափ են:

 

Մասնավորապես, չնայած Ոստիկանության ծառայողների քանակական գերակշռությանը, ոստիկաններին ուղղված քաղաքացու հորդորներն առ այն, որ ենթարկվում է ոստիկանի պահանջին և կհետևի նրանց, Ոստիկանության ծառայողները շարունակել են անձի նկատմամբ ֆիզիկական ուժի և հետո նաև հատուկ միջոցի գործադրումը»,- գրել է Թաթոյանը։

 

ՄԻՊ-ի կարծիքով՝ օրենքն, իհարկե, ոստիկանությանը վերապահում է ֆիզիկական ուժ կամ հատուկ միջոց, այդ թվում՝ ձեռնաշղթա գործադրելու լիազորություն, սակայն դա պետք է լինի հետապնդվող նպատակին և կոնկրետ իրավիճակին համաչափ՝ նաև հաշվի առնելով այն ենթադրյալ իրավախախտումը, որի կապակցությամբ ֆիզիկական ուժը կամ հատուկ միջոցը գործադրվում է:

 

«Իհարկե, ուժեղ ոստիկանությունը մարդու կարևոր պայման է մարդու իրավունքների երաշխավորման համար, սակայն ոստիկանության ծառայողների գործողությունները ցանկացած պարագայում չեն կարող ուղեկցվել նաև անձի արժանապատվությունը ոտնահարող գործողություններով: Իրավախախտում թույլ տված յուրաքանչյուր անձ պետք է ենթարկվի պատասխանատվության, սակայն այդ կապակցությամբ պետական մարմնի գործողությունները պետք է լինեն համաչափ։ Ուստի, բոլոր հարցերը պետք է պարզվեն ստուգմամբ»,- գրել է Թաթոյանը։

 

Մարդու իրավունքների պաշտպանը բոլոր քաղաքացիներին կրկին կոչ է անում անվերապահ պահպանել կորոնավիրուսի կանխարգելման կանոնները։

 

Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես են ոստիկանության աշխատակիցները ձեռնաշղթա հագցնում և բերման ենթարկում քաղաքացուն։ Տեսանյութի հետ կապված ոստիկանությունից հայտնել էին, որ ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար տվյալ քաղաքացին բերվել է ոստիկանություն։

 

Անդրադառնալով դեպքին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ ոստիկանությունը ուժային կառույց է, և սահմանված կանոնների նկատմամբ բացահայտ արհամարհանք ցույց տվողների նկատմամբ, օրենքով սահմանված կարգով կարող է և պետք է ուժ կիրառի: