Քաղաքացին պետք է ցանկանա, պետք է պահանջի, որ պետական պաշտոնյաները ստանան բարձր աշխատավարձ. Փաշինյան


Քաղաքացին պետք է ցանկանա, պետք է պահանջի, որ պետական պաշտոնյաները ստանան բարձր աշխատավարձ. Փաշինյան
Հունիս 5 11:50 2020

Ինչ է պետական բյուջեն, պետական բյուջեն անվտանգություն է, մենք վճարում ենք բյուջե, որ մենք իրար հետ ապահովենք մեր հավաքական անվտանգությունը: Այս մասին, այսօր՝ հունիսի 5-ին, ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2019 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ նույնկերպ մենք միասին կառուցում ենք ճանապարհներ, կազմակերպում մեր կրթական համակարգը եւ այլն:

«Ես հույս ունեմ, որ 2019-ին այդ պրոցեսն սկսվել է, չնայած գիտեմ, որ տասնյակ եւ նույնիսկ 100 հազարավոր մարդիկ ի հեճուկս իրենց իսկ արած հեղափոխության, 2019-ին շարունակել են չտալ կամ չպահանջել ՀԴՄ կտրոններ, շարունակել են դուրս չգրել ուղեկցող փաստաթղթեր եւ այլն:

Պետական բյուջեն Հայաստանի պետականության ողնաշարն է, եւ բյուջեի նկատմամբ պարտավորությունների կատարումը ՀՀ քաղաքացու արտահայտած կամքն է պետականություն ունենալու վերաբերյալ»,-ընդգծեց վարչապետը:

«Վերջին 1,5 տարվա քննարկումների համապտեքստում պետք է էական փոփոխություն տեղի ունենա նաեւ պետական պաշտոնյաների աշխատավարձերի եւ նրանց կատարվող վճարումների վերաբերմունքի համատեքստում, որովհետեւ ՀՀ քաղաքացին պետք է ուզենա, որ ՀՀ պաշտոնյան այն պայմանավորվածության պայմաններում, որ մենք բացառում ենք կոռուպցիոն բուրգի առկայությունը, ՀՀ քաղաքացին պետք է ցանկանա, պետք է պահանջի, որ պետական պաշտոնյաները պետք է ստանան բարձր աշխատավարձ: Դա  արտահայտությունն է պետականություն ունենալու կամքի:

Ես միշտ այդ օրինակը բերում եմ, մենք մեր ընանիքի կարիքները հոգալիս ուզում ենք մեր առողջությամբ զբաղվի լա՞վ բժիշկ, թե՞ վատ բժիշկ: Մենք մեր ընտանիքի տեղափոխման հարցերը լուծելիս ուզում ենք, որ մեզ տեղափոխի լա՞վ վարորդ, թե՞ վատ վարորդ: Ուզում ենք մեր տան շինարարությունը անի լա՞վ արհեստավոր, թե վատ արհեստավոր: Բոլորս էլ գիտենք, որ երբ տանը ամենափոքր կենցաղային կարիքը լուծելու խնդիր կա եւ երբ մենք աշխատաշուկայից վարձում ենք հնարավոր ամենաէժան աշխատուժը, մենք այդ նույն վերանորոգման կարիքների վրա մեկ տարվա կտրվածքով ավելին ենք վճարում, քան եթե մենք սկզբից որոշեինք, որ դրա համար պետք է ձեռք բերենք որակյալ ապրանք, որակյալ ծառայություն եւ որակյալ վերահսկողություն իրականացնեինք:

 

Այն մեկ մլրդ դրամը, որով պետք է ֆինանսավորվի պաշտոնյաների, դատավորների աշխատավարձը, դա որպես գումար ՀՀ 3 մլն քաղաքացիների կյանքում ոչինչ չի կարող փոխել, բայց այդ գումարով որակյալ պաշտոնյաների, որակյալ ծառայողների վարձելը եւ ներգրավելը ՀՀ քաղաքացիների կյանքում շատ էական բան կարող է փոխել: Սա է մեր գործողությունների տրամաբանությունը»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:



loading...